Ադրբեջանի իշխանությունները վստահորեն տանում են երկիրը Թուրքմենստանի ճանապարհով` դեպի Հյուսիսային Կորեա, պնդում է ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան, այժմ վտարանդի Լեյլա Յունուսը՝ անդրադառնալով «Թուրան» լրատվական գործակալության դեմ սկսված հետապնդումներին:
Ադրբեջանի հարկային մարմինները մի քանի շաբաթ է քրեական գործ են բացել «Թուրանի» դեմ, որը համարվում է երկրում մնացած սակավաթիվ անկախ լրատվամիջոցներից մեկը:
Ալիևի վարչակազմը պնդում է, թե լրատվական գործակալությունը խուսափել է հարկերից և անցած երկու տարիների ընթացքում ավելի քան 21 հազար դոլար չի վճարել պետական բյուջե:
Լրագրողները, մինչդեռ, կտրականապես հերքում են մեղադրանքը՝ պնդելով, թե այն իրականում իրենց լռեցնելու նպատակ է հետապնդում:
Երեկ արդեն Ադրբեջանի հարկային մարմիններն անցան կոնկրետ գործողությունների՝ խուզարկելով գործակալության գրասենյակը, հաղորդվում է, որ տեսուչները ոչ միայն «Թուրանի» ֆինանսական փաստաթղթերն են առգրավել, այլև ստուգել են լրագրողների իրերն ու համակարգիչները:
«Սա արշավ է ազատ խոսքի դեմ», - հայտարարում է իրավապաշտպան Լեյլա Յունուսը՝ մանրամասնելով. - «Ադրբեջանում ընդդիմադիր պարբերականներ չեն մնացել, վերջին թերթը՝ «Ազադլիգը», որ հրատարակվում էր դեռ խորհրդային տարիներից, ստիպված էր դադարեցնել գործունեությունն անցած տարի, «Թուրանը» անկախներից վերջինն էր երկրում»:
Տարիներ առաջ՝ 2014-ին, ինքը՝ Լեյլա Յունուսը, ևս հայտնվել էր Ադրբեջանի իշխանությունների թիրախում, Ալիևի վարչակազմը նրան ամուսնու հետ ձերբակալել էր Հայաստանի օգտին լրտեսության, դավաճանության ու հարկերից խուսափելու մեղադրանքներով:
Ավելի քան մեկուկես տարի բանտում անցկացնելուց հետո Յունուսներն ազատ արձակվեցին՝ արևմտյան կառույցների ճնշման ներքո: Անցած տարվանից Հոլանդիայում ապաստանած իրավապաշտպանը պնդում է՝ հետևում է ադրբեջանական իրադարձություններին և առաջիկա սեպտեմբերին միջազգային հանրությանը կներկայացնի նոր տեղեկատվական կայք՝ ոչ միայն Ադրբեջանում առկա քաղբանտարկյալների, այլև իշխանության ներսում գործող հանցագործների մասին:
«Մենք արդեն հավաքել ենք համապատասխան տեղեկատվություն այն դատախազների, ոստիկանների ու քննիչների մասին, որոնց սարքած կեղծ քրեական գործերով տասնյակ ընդդիմադիրներ են հայտնվել ճաղերի ետևում, ցուցակում են նաև կալանավայրերի աշխատակիցները, որոնք բանտերում կտտանքների են ենթարկում մարդկանց: Այսօր այս ցուցակում կավելացնենք նաև Հարկային նախարարության ղեկավարի ու նրա աշխատակիցների անունները», - հայտարարել է իրավապաշտպան Լեյլա Յունուսն՝ ընդգծելով. - «Այսուհետ մեր հիմնական խնդիրն է լինելու ժողովրդի դեմ նրանց կատարած հանցագործությունների քննությունն ու այդ մասին տեղեկատվության տարածումը աշխարհով մեկ»: