Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) մասնագետների կողմից պաշտպանության նախարարության օդուժի ուղղաթիռով Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում իրականացրած հետախուզության արդյունքում, որոշում է կայացվել շարունակել «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի թռիչքները՝ հետմարման աշխատանքների իրականացման նպատակով:
ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ այս պահի դրությամբ ինքնաթիռն իրականացնում է 12-րդ թռիչքը:
«Խոսրովի արգելոցի տարածքում երեկոյան տեղացած անձրևի կարճատևության և ներկայումս անձրևի բացակայության պատճառով, «ԻԼ-76»-ը խնդիր ունի անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր ապահովել առանձին հրդեհային օջախների շուրջ՝ դրանց կրկնակի բռնկումը բացառելու նպատակով: ՀՀ ԱԻՆ 42 փրկարար և 2 քաղաքացիական անձ շարունակում են ցամաքային հրդեհաշիջման աշխատանքները», - ասված է հաղորդագրությունում:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս: Երեկ առավոտյան Հայաստանի ԱԻՆ-ը հաղորդեց, որ հրդեհը չեզոքացվել է 13.5 կմ պարագծով՝ 16 կմ-ից, իսկ երեկոյան՝ որ հաջողվել է մարել մնացած 2.5 կմ պարագծում շարունակվող հրդեհի հիմնական օջախները:
Ռուսաստանի ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը Հայաստան է ժամանել երկուշաբթի երեկոյան: