Մատչելիության հղումներ

«Մենք փաստաբանների կողքին ենք». Փաստաբանների պալատի նախագահ


Արա Զոհրաբյանը հակադարձում է Պալատի ընդդիմախոս փաստաբաններին։

Փաստաբանին սպառնալիքներ ներկայացնելը քրեորեն պատժելի արարք է։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ հնչած սպառնալիքներին։

«Մենք տեղեկացանք, որ Արայիկ Պապիկյանի նկատմամբ նմանատիպ սպառնալիքներ են ներկայացվել, Փաստաբանների պալատը բացի հայտարարությունից նաև պաշտոնապես դիմել է Գլխավոր դատախազին և խնդրել է համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ այդ անձին հայտնաբերելու համար։ Ի վերջո, այդ անձի գործունեությանը միջամտությունը անթույլատրելի է, և փաստաբանին սպառնալիքներ ներկայացնելը նաև քրեորեն պատժելի արարք է։ Կարծում եմ, որ իրավապահ մարմինները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի փաստաբանի մասնագիտական գործունեության այս խոչընդոտման հնարավոր դեպքերը վերացվեն», - ասաց Զոհրաբյանը։

Նշենք, որ Պապիկյանը որպես փաստաբան ներգրավված է աղմկահարույց գործերում, մասնավորապես՝ հասարակական հնչեղություն ունեցող «Սասնա ծռերի», «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի։ Օրերս փաստաբանն ահազանգեց, որ սպառնալիքներ բովանդակող էլեկտրոնային նամակներ է ստանում, որոնք առնչվում են ոչ միայն իրեն, այլ նաև իր ընտանիքի անդամներին:

Դիտարկմանը, թե «Սասնա ծռերի» գործով մյուս փաստաբանները ևս հայտարարում են, որ իրենք թիրախավորված են, դատարաններում փորձում են իրենց վրա ճնշում գործադրել՝ դատարանի մուտքի մոտ ներկայացվող «խուզարկության» պահանջով, դատարանի դահլիճում իրենց նկատմամբ կիրառվող սանկցիաներով, ինչպես նաև ասում են, որ փոխանակ Փաստաբանների պալատն իրենց աջակցի՝ Դատական դեպարտամենտի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որով, փաստորեն, «օրինականացրել է խուզարկությունը», Զոհրաբյանն այսպես արձագանքեց. - «Նախ՝ խուզարկություն տերմինն այստեղ ճիշտ չէ կիրառել այս խոսակցության մեջ, ինչո՞ւ՝ որովհետև մենք այստեղ գործ ունենք ոչ թե խուզարկության, այլ զննության հետ»։

«Ընդ որում, ուսումնասիրում ենք և հասկանում ենք, որ դատական կարգադրիչն իրավունք ունի զննություն կատարելու, մեզ պետք է ինչ-որ լուծումներ գտնել։ Մենք ասում ենք՝ «լավ, եթե փաստաբանը պահանջեց, որ իրեն առանձին սենյակում զննեք, ապա պետք է առանձին սենյակում զննեք», երկրորդ՝ «ես ուզում եմ, որ ներկա լինի այս մարդը», և երրորդ՝ «պետք է արձանագրություն կազմեք», նույնիսկ եթե բան չեք հայտնաբերել։ Այսինքն՝ այս դժվարացման գործընթացում ի վերջո հասնենք նրան, որ դատական կարգադրիչները փաստաբաններից հեռու մնան։ Սա մարտավարություն է և դրան զուգահեռ ստրատեգիական դատավարություն կազմակերպի», - ասաց Զոհրաբյանը՝ նշելով. - «Մենք փաստաբաններ ենք, մենք մեր իրավունքների պաշտպանության եղանակը միշտ դատարաններում գտնում ենք»։

Փաստաբանների պալատի նախագահը գտնում է, որ իրենց ընդդիմախոս փաստաբանները պետք է առնվազն մի քանի հայց ներկայացրած լինեին դատարան։ «Թեկուզ Վարչական դատարան, վիճարկեին և ասեին, որ զննությունն անօրինական էր և այլն։ Մենք փաստաբանների կողքին ենք, մենք փաստաբանների հետ ենք», - ասաց Զոհրաբյանը։

Անդրադառնալով փաստաբանների այն դիտարկմանը, թե Պալատը «մեռած է և իշխանության պատվերն է կատարում», Զոհրաբյանն ասաց, որ այդ հայտարարությունն ավելի շատ անեծքի է նման. - «Ես ուրիշ կերպ չեմ կարող դա բնորոշել, այդ նույն հայտարարություն կատարողը այդ Պալատի անդամ է։ Նրանք ավելի շատ վտանգավոր մի գիծ են առաջ տանում՝ իրենց վնասող։ Երբ որ իրենք ասում են՝ «Պալատը մեր կողքին չէ», ընդ որում՝ այդպես չէ, որոշ պետական մարմիններ կամ պաշտոնատար անձինք կարող է այդպես էլ մտածեն՝ «Պալատը իրենց կողքին չէ, եկեք ճնշենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG