Մատչելիության հղումներ

Մեկնարկեցին Ռուսաստանի նախկին նախարար Ուլյուկաևի գործով դատական լսումները


Ռուսաստան - Ալեքսեյ Ուլյուկաևը դատարանում, Մոսկվա, 16-ը օգոստոսի, 2017թ․
Ռուսաստան - Ալեքսեյ Ուլյուկաևը դատարանում, Մոսկվա, 16-ը օգոստոսի, 2017թ․

Մոսկվայում օգոստոսի 16-ին մեկնարկել են կաշառակերության մեջ մեղադրվող՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի գործով դատական լսումները: Անցած դարի կեսերից սկսած նա կոռուպցիոն մեղադրանքով Ռուսաստանում ձերբակալված ամենաբարձրաստիճան պաշտոնյան է:

Զամոսկվորեցկի շրջանի դատարանում մինչ նիստի մեկնարկը Ուլյուկաևը լրագրողներին ասել է, որ իր դեմ հարուցված գործը սադրանք է: Նա հայտարարել է, որ դատավարության հանդեպ լավատեսորեն է տրամադրված: «Անկախ արդյունքից՝ պատմական իմաստով այս դատավարությունը օգուտ կտա մարդկանց», - ասել նախկին նախարարը: Ռուսաստանի ներկայիս տնտեսական իրավիճակի մասին լրագրողների հարցին նա հեգնանքով է պատասխանել. - «Իրավիճակը գերազանց է, բայց ոչ անհուսալի»:

61-ամյա Ուլյուկաևը մեղադրվում է խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ նա 2 միլիոն ամերիկյան դոլար է ստացել՝ հաստատելու համար «Բաշնեֆտ»-ի արժեթղթերի վերահսկիչ փաթեթը կառավարությունից «Ռոսնեֆտ»-ին փոխանցելու գործարքը:

Մեղադրանքը հաստատվելու դեպքում նախկին նախարարին 15 տարի ազատազրկում է սպառնում: Ուլյուկաևը իրեն մեղավոր չի համարում:

Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ տեղի էր ունեցել նախկին նախարարի գործով նախնական, դռնփակ դատական նիստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG