Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյանը ոչ-պաշտոնական այցով Լեռնային Ղարաբաղում է


Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ոչ-պաշտոնական այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղ։

Ըստ Ղարաբաղի կառավարության պաշտոնական կայքէջի, Կարեն Կարապետյանին Շահումյանի շրջանում դիմավորել է Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը։

Վարչապետերը նախ ծանոթացել են Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շինարարական աշխատանքներին՝ կարևորելով այդ ճանապարհի նշանակությունը թե՛ ռազմավարական և թե՛ հարակից շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյուններից, ապա մասնակցել են Քարվաճառ քաղաքի մերձակայքում հիմնվող ջրի գործարանի հիմնարկեքին:

«Սա պատմական պահ է, քանի որ Շահումյանի շրջանի համար աննախադեպ չափերի գործարանի հիմք ենք դնում: Այս նախագիծն իրագործվում է օտարերկրյա ներդրումով՝ նպատակ ունենալով մեծ ծավալներով արտահանել Քարվաճառի ջուրը: Այն նշանակալի ազդեցություն է թողնելու շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա, քանի որ, ըստ նախագծի, սկզբնական փուլում գործարանն ապահովելու է շուրջ 50 աշխատատեղ՝ խթանելով նաև շրջակա տարածքների ենթակառուցվածքների զարգացումը: Ուստի, կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս աջակցել այս ծրագրի կյանքի կոչմանը», - ասել է Արայիկ Հարությունյանը:

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կառավարությունների ղեկավարները նաև այցելել են Լև գետի վրա կառուցվող «Լև-1» և Թարթառ գետի վրա գործող «Ջերմաջուր» հիդրոէլեկտրակայաններ, ծանոթացել դրանց արտադրական հնարավորություններին:

Հարությունյանը նշել է, որ վերջին տարիներին կառուցված ՀԷԿ-երի շնորհիվ՝ Ղարաբաղը դարձել է էլեկտրաէներգիայի սպառման առումով ինքնաբավ, ինչպես նաև բացվել են հարյուրավոր նոր աշխատատեղեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG