Նյու Յորքում տեղակայված «Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին վերացնել ռուսաստանցի լրագրող Թամարա Ներսեսյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտող բոլոր արգելքները։
Ռուսական ВГТРК-ի լրագրողը, հիշեցնենք, արտաքսվել է Ուկրաինայից, և նրա մուտքը այդ երկիր երեք տարով արգելվել է:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն իր հայտարարությունում կոչ է անում Ուկրաինային ապահովել Ներսեսյանի և մնացած բոլոր լրագրողների ազատ մասնագիտական աշխատանքը՝ անկախ նրանց քաղաքացիությունից և լրատվական կազմակերպությունների խմբագրական գծից։ «Ռուսական լրատվամիջոցի գործունեության արգելքը ժողովրդավարական չէ և չի նպաստում երկու պետությունների միջև խնդրի կարգավորմանը», - նշել է կազմակերպության ներկայացուցիչը։
Թամարա Ներսեսյանը РБК-ին պատմել է, որ իրեն ձերբակալել են Կիևում, տարել Անվտանգության ծառայություն և երեք ժամ քննել։
2014 թվականից ի վեր պաշտոնական Կիևը ավելի քան 10 ռուսական հեռուստաընկերությունների նկատմամբ արգելք է սահմանել՝ նրանց մեղադրելով պատերազմի քարոզչության մեջ։