Մատչելիության հղումներ

Սահմանամերձ Մովսեսում նշեցին գյուղի հիմնադրման տարեդարձը


Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում տարվա մեջ մեկ անգամ՝ գյուղի հիմնադրման տարեդարձին է միայն ցանկալի եռուզեռ տիրում: Հեռուներում ապրող մովսեսցիները գյուղ են գալիս, ու Մովսեսը նախկինի պես է սկսում շնչել՝ երիտասարդներով, երեխաներով ու թոռներով:

Գյուղում ամեն օր իրար երեսի նայող տարեցներն ասում են՝ միայն այս օրերին ենք մեզ մի քիչ ավելի ջահել զգում:

Մոսկվայում ապրող Կիրով Եղշատյանն ասում է, թե այնտեղ ավելի շատ մովսեսցիների է հանդիպում, քան բուն գյուղում:

11-ամյա Դավիթը մովսեսցի է, բայց այսօր այստեղ հյուր է: Նա ապրում է Մոսկվայում, ռուսական դպրոց է հաճախում: Երազում է գոնե մեկ տարի հարազատ գյուղում ապրել․ - «Երբ որ ես արդեն պասպորտ ստանամ, գալու եմ ստեղ ապրեմ մի տարի: Պապիկ-տատիկս ստեղ են, ստի մաքուր օդ ա»:

Հրաչիկ Փոլադյանը գյուղի կենտրոնում փոքրիկ մթերային խանութ ունի: Նա ասում է, թե իր գործի հաջողությունն էլ դրսի հետ է կապված: Մոսկվայում ապրող մովսեսցիների հույսով է պարտքով ապրանք տալիս:

Փոլադյանը չի կարծում, թե գյուղից հեռացածները կվերադառնան․ - «Նույնիսկ եթե վերադառնան, Տավուշ չեն գա, Երևան կգնան»:

Մովսեսից երբեք չհեռանալու խոստում միայն տարեցներն են տվել: 92-ամյա Իվան Ապերյանը երիտասարդ տարիներին որպես մանկավարժ Տավուշի մարզի գործուղվել է Տավուշի մարզի տարբեր գյուղեր, բայց դարձյալ Մովսես է վերադարձել: Նրա խոսքով՝ ո՛չ կրակոցները, ո՛չ էլ պատերազմի բերած ահն ու սարսափը հարազատ գյուղը թողնելու պատճառ չեն դարձել․ - «Մենք ուրիշ տեղ ապրելու նպատակ չունենք, քանի որ Մովսեսը կա»:

Մովսեսցիները գյուղատնտեսությունից արդեն հրաժարվել են, քանի որ հողերի մեծ մասը հակառակորդի կրակի տակ է: Գյուղի խաղողի այգիները այժմ չեզոք գոտի են․ - «Մոտ մի 100-150 հեկտար տարածք ա բրախած»:

Գյուղում մնացածները հույսը չեն կորցնում: Երիտասարդ Թեհմինեն տարիներ շարունակ ապրել է Մոսկվայում ու այսօր վերադարձել է: Երեք ամիս առաջ գյուղում բացված 24 աշխատատեղերից մեկն էլ իրենն է:

Կարի փոքրիկ արտադրամասը, որը դարձյալ մոսկվաբնակների միջոցներով է բացվել, ընդլայնվելու միտում ունի: «Այս պահին 24 հոգի են աշխատում։ Դեռ իրենք պետք է իրենց արտադրողականությունը բարձրացնեն: Իմ կարծիքով, միջին աշխատողը ստանալու է ամենի մի հերթափոխից ոչ պակաս 5.5-6 հազար դրամ: Եվ այդպիսի աշխատավարձով ինչքան որ ցանկացող եղավ, բոորին աշխատանքով ապահովելու ենք», - ասաց արտադրամասի տնօրեն Սուրեն Երիցյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG