Մատչելիության հղումներ

Գեղարքունիքի դատարանի նախագահի դեմ մեղադրանքը խստացվել է


ԱՄՆ 100-դոլարանոց թղթադրամներ, արխիվ
ԱՄՆ 100-դոլարանոց թղթադրամներ, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործ է հարուցվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի կողմից կաշառք վերցնելու փաստով։

Դատավորը կալանավորվել է երկու ամիս առաջ՝ 23 հազար դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով: Այժմ Աղվան Պետրոսյանին ևս մեկ մեղադրանք է ավելացվել՝ այս դեպքում 36 հազար դոլար կաշառք վերցնելու մասին է խոսքը։ 45-ամյա Աղվան Պետրոսյանը փաստորեն մեղադրվում է մոտ 60 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ։ Նրա փաստաբան Արմեն Մելքոնյանն «Ազատությանը» փոխանցեց միայն, որ պաշտպանյալը մեղքը չի ընդունում և հրաժարվում է մասնակցել որևէ քննչական գործողության։

Այս գործով երկրորդ մեղադրյալի՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի փաստաբանը ևս պնդում է՝ քրեական գործն ապօրինի է, անհիմն, պաշտպանյալը մեղքը չի ընդունում։ Դատավոր Վարդանյանը և դատարանի նախագահ Պետրոսյանը, ըստ նախաքննական մարմնի, 1 միլիոն դրամ կաշառք են ստացել՝ ապօրինի դատական ակտ կայացնելու համար։

«Մենք գտնում ենք, որ քրեական գործը հարուցվել է առանց օրինական առիթի և հիմքերի առկայության և դատավարական ժամկետների խախտումներով», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Հակոբյանը պնդում է՝ առանցքային ապացույցը դատարանի նախագահի աշխատասենյակում գաղտնի արված ձայնագրությունն է. - «Այսինքն՝ տեղադրվել է հատուկ սարք, ձայնագրող սարք, և այդ աշխատասենյակում տեղի ունեցած բոլոր զրույցները ձայնագրառվել են: Իմ պաշտպանյալի մեղադրանքի հիմքում դրված է այդ օրվա որոշակի ժամանակահատվածի զրույց, որի բովանդակությունը ոչ միանշանակ է ընկալվում որպես, այսինքն՝ մեղադրանքի կողմը յուրովի է ներկայացնում այդ զրույցի բովանդակությունը, ընդ որում՝ մենք համոզված ենք, որ այդ զրույցի բովանդակությունը չի կարող վկայել իմ պաշտպանյալին վերագրվող արարքի առկայության մասին, այսինքն՝ էդտեղ չկա իմ պաշտպանյալի կողմից գումար պահանջելու, գումար ստանալու վերաբերյալ որևէ տեղեկություն»:

Դատավոր Վանիկ Վարդանյանի պաշտպանը, անդրադառնալով իշխանությունների կողմից կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներին, նշում է, որ, այնուամենայնիվ, սխալ թիրախ են ընտրել. - «Չեմ կարող ասել, որ հենց թիրախավորված իմ պաշտպանյալի դեմ է դա ուղղված եղել, բայց էն, որ իմ պաշտպանյալի մեղադրանքի հիմքում դրված ապացույցները և այն գործընթացները, որոնք նախորդել են դրան, այդ ապօրինությունների հետևանք են, դա հետագայում կբացահայտվի նաև դատարանում»:

Անցած մեկ տարվա ընթացքում ևս երկու դատավոր է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում: Անցած հոկտեմբերին Շենգավիթի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը գետնանցումում 1,000 դոլար կաշառք ստանալու համար կալանավորվեց: Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորն էլ մայիսին կալանավորվեց 600 դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով։

Փաստաբան Լուսինե Սահակյանը, անդրադառնալով դատավորների կալանավորման դեպքերին, իրավապահներին խորհուրդ է տալիս իրական պայքար մղել, այլ ոչ թե ձևականորեն գործել՝ թիրախավորելով հիմնականում իշխանության հետ առնչություն չունեցող դատավորներին։

«Նման դեպքերով ուղղակի կոռուպցիայի դեմ ամբողջությամբ չես կարող պայքարել, որովհետև բոլորիս է հայտնի, թե կոնկրետ որ դատավորներն են, որ ընդհանրապես որևէ առնչություն չունեն կոռուպցիոն երևույթների հետ, և մենք տեսնում ենք, նաև գիտենք, թե ով է ղեկավարում դատական համակարգը՝ մասնավորապես խոսքը գնում է Մկրտումյանի մասին՝ մի անձի մասին, ում վերաբերյալ այն բացառիկ Եվրոպական դատարանի որոշումներից է կայացվել, որ հստակ մատնանշվել է, որ հենց ինքն է խախտում թույլ տվող անձը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը:

Նա իրավապահներին խորհուրդ է տալիս զբաղվել Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի և ընդհանրապես այն դատավորների գործերով, որոնք քաղաքական պատվեր են կատարում։ «Այսինքն, պետք է հստակ դիրքորոշում լինի, որ գրեթե ամբողջությամբ դատավորները պետք է փոխվեն, դատարանի կազմերը պետք է փոխվեն, այսինքն՝ մեծամասամբ, որովհետև չի կարող անձը իր ամբողջ կյանքը թաթախած լինել կոռուպցիայի մեջ, հանկարծ մեկ օրում իրեն ասեն, որ «դու դրա հետ կապ չունես», և դրանից հետո նա շարունակի աշխատել այլ կերպ. դա ուղղակի հնարավոր չէ», - ընդգծեց Լուսինե Սահակյանը:

Ըստ Հատուկ քննչական ծառայության, Մարտունի քաղաքի բնակիչներից մեկը ցուցմունք է տվել, որ 5 տարի առաջ 6 հազար դոլար կաշառք է տվել Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին՝ համապատասխան ընկերության տարածքի մի մասի սեփականատերը դառնալու համար։ Գումարը փոխանցելուց հետո տեղեկացել է, որ այդ ընկերության տարածքը ուրիշների կողմից կեղծ փաստաթղթերով օրինականացվել է, ապա՝ վաճառվել 80 հազար դոլարով, որից 30 հազար դոլարը որպես կաշառք տրվել է Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին։

Մարտունի քաղաքի բնակիչը իրավապահներին նաև հայտնել է, որ տարբեր ժամանակահատվածներում 13 հազար դոլար կաշառք է տվել Երևանի վարչական շրջաններից մեկի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին, սակայն քանի որ դատական ակտն ի վնաս իրեն է կայացվել, դատավորը վերադարձրել է կաշառքի գումարի մի մասը, իսկ մնացած 8 հազար դոլարը վերադարձնելու վերաբերյալ ստացական է տվել:

Հատուկ քննչական ծառայությունից փոխանցեցին, որ Երևանում գործող այս դատավորը ազատության մեջ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG