Պաշտոնական Կիևը կտրականապես հերքում է ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումները, որոնց համաձայն Հյուսիսային Կորեայի հրթիռային ծրագրի հաջողությունները անհնարին կլինեին առանց Ուկրաինայի կողմից մատակարարված տեխնոլոգիաների:
Այս մասին գրում է ամերիկյան թերևս ամենահեղինակավոր պարբերականը` New York Times-ը՝ վկայակոչելով Լոնդոնում գործող Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Մայքլ Էլեմանի՝ երկուշաբթի օրը հրապարակած զեկույցը:
«Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկումների ընթացքում Հյուսիսային Կորեայի արձանագրած վերջին հաջողությունները հնարավոր են դարձել ուկրաինական գործարաններից մեկում արտադրված հզոր շարժիչների ձեռք բերման շնորհիվ, գործարք, որ կատարվել է սև շուկայում», - գրում է New York Times-ը` պնդելով, որ նման եզրակացություններ առկա են նաև ամերիկյան հետախուզական ծառայությունների վերջին գաղտնի զեկույցներում:
New York Times-ի պնդմամբ, խոսքը Դնիպրոյում` նախկին Դնեպրոպետրովսկում գործող Южмаш գործարանի մասին է, որը դեռ խորհրդային տարիներին միջմայրցամաքային հրթիռների գերհզոր շարժիչներ արտադրող հիմնական արտադրական ձեռնարկությունն էր: Խորհրդային Միության փլուզումից հետո Южмаш-ը շարունակում էր Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի համար հրթիռների շարժիչներ արտադրել, սակայն 2014 թվականին` Ղրիմի բռնակցումից և Արևելյան Ուկրաինայում սկիզբ առած մարտական գործողություններից հետո, Южмаш-ը մնաց առանց ռուսական պատվերների:
Ամերիկյան պարբերականի տեղեկություններով, վերլուծաբանները ուսումնասիրել են հյուսիսկորեական հրթիռների լուսանկարները` հանգելով եզրակացության, որ դրանց վրա տեղադրված շարժիչները արտադրվում են բացառապես հետխորհրդային տարածքում` նախևառաջ ուկրաինական գործարանում:
New York Times-ը նաև հիշեցնում է, որ ՄԱԿ-ի հետաքննության համաձայն Հյուսիսային Կորեան դեռ վեց տարի առաջ էր փորձել տեխնոլոգիական գաղտնիքներ գողանալ Ուկրաինայի տարածքից:
«Այն ժամանակ դա նրանց չէր հաջողվել և երկու կորեացիներ ձերբակալվել էին», - գրում է թերթը հավելելով․ - «Հետաքննիչների կարծիքով սակայն, օգտվելով Ուկրաինայում հեղափոխությունից հետո ծագած քաոսից, Փհենյանը [հրթիռային տեխնոլոգիաներ ձեռք բերելու] ևս մեկ փորձ է կատարել»:
Զեկույցի հեղինակ Մայքլ Էլեմանը New York Times-ի թղթակից հետ զրույցում նշել է․ - «Հիմնական հարցերն այս փոլում երկուսն են` կորեացիների տրամադրության տակ գտնվող նմանատիպ շարժիչների քանակությունը, և արդյո՞ք ուկրաինացիները շարունակում են օգնել նրանց»:
Ուկրաինական իշխանությունները, սակայն, կտրականապես հերքում են New York Times-ի հրապարակումը` պնդելով, որ այս ողջ պատմությունը Մոսկվայի սադրանքն է:
«Այս տեղեկատվությունը անհիմն է, սադրիչ բնույթ է կրում և ըստ ամենայնի հրահրված է ռուսաստանյան հատուկ ծառայությունների կողմից` հյուսիսկորեական միջուկային և հրթիռային ծրագրերում Մոսկվայի մասնակցությունը քողարկելու նպատակով», -հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը:
Աղմկահարույց զեկույցի հեղինակը ևս ամբողջությամբ չի բացառում, որ հրթիռային շարժիչների տեխնոլոգիաները Հյուսիսային Կորեային կարող էին փոխանցվել ուկրաինական ձեռնարկության ռուսաստանյան գործընկերների կողմից: Սակայն, դատելով Էլեմանի հայտարարություններից, հիմնական կասկածները այնուհանդերձ վերաբերում են Ուկրաինայում գործող Южмаш գործարարանին:
Դրա հետ մեկտեղ ամերիկյան հատուկ ծառայությունները բացառում են, որ պաշտոնական Կիևը որևէ առնչություն ունի հրթիռային տեխնոլոգիաների վաճառքին:
«Ամերիկացի հետաքննիչները նշում են, որ չկա որևէ ապացույց առ այն, որ վերջերս Սպիտակ տուն այցելած Պյոտր Պորոշենկոյի կառավարությունը որևէ կերպ տեղյակ է եղել կատարվածից կամ վերահսկում է [Южмаш] արտադրական համալիրի ներսում կատարվող զարգացումները», - գրում է New York Times-ը: