Մատչելիության հղումներ

Խոսրովի արգելոցում երեք օր առաջ բռնկված հրդեհը առայժմ չի հաջողվում մարել


Երկուշաբթի վաղ առավոտից արգելոցում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները:

Հրդեհը բռնկվել է շաբաթ կեսօրին: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց․ - «Այս պահի դրությամբ շատ դժվար է գնահատական տալ: Միայն ասեմ, որ չափազանց մեծ է վնասը, շատ մեծ: Բնապահպանական արժեքի տեսակետից Խոսրովի արգելոցը համարվում է խիստ պահպանման ռեժիմում գտնվող և միջազգային կարգի պետական արգելոց թե՛ բուսական աշխարհի մասով և թե՛ կենդանական աշխարհի»:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է Պաշտպանության նախարարության մեկ ուղղաթիռ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը դիմել էր Ռուսաստանի ԱԻՆ՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ:

«ԻԼ-76» ինքնաթիռն արդեն Հայաստանում է, այն մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների վրա կարող է ուղղել ավելի քան 42 տոննա ջուր, ինչպես նաև ստեղծել 800 մետր երկարությամբ և 60 մետր լայնությամբ սահմանազատող գոտի։

«Ազատության» հարցին, թե ինչու Հայաստանը պատրաստ չէ նման նման իրավիճակների, Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ խոսքը թանկարժեք տեխնիկայի մասին է․ - «Այն, թե ինչու չունենք, ես դժվարանում եմ պատասխանել: Հավանաբար դրա արժեքը և պահպանությունը չափազանց մեծ է: Մյուս կողմից, որևէ կանխամտածված կամ կանխակալ մոտեցում չկա, թե անպայման ո՞ր երկրից: Իմ տեղեկացմամբ և գիտությամբ, ու նաև մեր քննարկումների արդյունքում Արտակարգ իրավիճակների նախարարը, որը այս պահի դրությամբ ըստ էության ղեկավարում է ողջ գործողությունը, դիմել է ոչ միայն Ռուսաստանին, նաև այլ երկրների, որովհետև այսպիսի իրավիճակից ապահովագրված չէ որևէ մեկը: Անգամ եվրոպական զարգացած երկրները, որտեղ տեղի են ունենում նման մեծածավալ հրդեհներ, նրանք նույնպես դիմում են հաճախ միջազգային աջակցության, օգնության»:

Նախարարի խոսքով՝ հրդեհի պատճառներն այս պահին անհայտ են:

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ հրդեհի առաջացման պատճառները պարզելու համար հարուցվել է քրեական գործ:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը գտնում է, որ Հայաստանի համար սա մեծ աղետ է: Հրդեհի երկու օջախներում այրվել են 200-300 տարվա ծառեր․ - «Ինչքան մենք բարձրացանք վերև տնօրենի հետ, նայեցինք, մոտավորապես նախնական 3 հազար հեկտարի մասին է խոսքը, հասարակ հրդեհ չի: Ես բավական երկար ժամանակ այս ոլորտում եմ և առաջին անգամ եմ նման հրդեհ տեսնում: Նույն Արտավանում շատ մեծ տարածներ միանգամից հրդեհվեցին, քանի որ շատ չոր է եղանակը, և հիմնականում այդ հրդեհը տեղի է ունենում նոսր անտառներում, որը շատ բարդ է հանգցնել: Ցավոք, երևի չունենք այդ միջոցները: Այն միջոցները, որ ունենք, նման լանդշաֆտում չեն աշխատում, այսինքն հրշեջ մեքենաները չեն կարողանում հասնել այն վայրերը, որտեղ հրդեհը տեղի է ունենում: Մենակ ավիացիան է այդ հարցում օգնում»:

Մինչդեռ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով բնապահպանների պնդումներին, թե Կառավարությունը բավարար ռեսուրսներ չունի հրդեհը մարելու համար, պնդեց, որ Խոսրովի անտառում հրդեհը մարելու համար ռեսուրսները ոչ միայն բավական են, այլև շատ են․ - «Մենք կուտակել ենք անհրաժեշտ թվաքանակով և՛ րդեհաշիջման միջոցներ, և՛ ուժեր: Ավելին՝ մարզպետարանի, Զինված ուժերի և Ոստիկանության մեծ թվաքանակով անձնակազմ է ներգրավված: Խոսքը գնում է տեղանքին մոտենալու անհնարինության մասին»։

Բնապահպանության նախարարը հավելեց․ - «Ցավոք, հրդեհի առաջին իսկ պահից ձեռնարկված գործողությունները արդյունք չտվեցին: Նույնիսկ երեկ առավոտյան, ժամը 6-ն անց երեսունին, երբ ուղղաթիռը իրականացրել օդային դիտարկում, այնպիսի վիճակ էր, որ գրեթե բոլոր տարածքներում աշխատանքները արդյունք տվել էին, և հանգած էր, ըստ էության, հրդեհը: Սակայն ընդամենը կեսօրին արևի ճառագայթների առկայության և քամու պայմաններում նորից սկսեց ավելի տարածվել և ավելի ընդգրվել»:

Բնապահպանության նախարարը հույս հայտնեց, որ Ռուսաստանի բերված ինքնաթիռի միջոցով հենց այսօր էլ հնարավոր կլինի մարել կրակը:

Ինչ վերաբերում է Վայոց ձորի Արտավանում հուլիսի 10-ին բռնկված հրդեհին, ապա, Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ, այն մոտ 95 տոկոսով մարվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG