Նոյեմբերին նախատեսվում է սկսել Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ սարքավորումների առաջին փուլի մատակարարումները Հայաստան։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ սարքավորումների փոխարինման նպատակով այժմ իրականացվում են մրցույթների անցկացման և պայմանագրերի կնքման աշխատանքներ:
Նախարարության փոխանցմամբ՝ առաջին կիսամյակում էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում լիազորված կազմակերպությունների միջև սահմանված կարգով կնքվել է ծառայությունների մատուցման 16 պայմանագիր, որոնք ներկայացվել են Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների հաստատմանը: Ներկայումս մշակվում են «Հայկական ատոմային էլեկտրակայան ՓԲ ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» ՀՀ օրենքի և «Հայկական ատոմային էլեկտրակայան ՓԲ ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանի հաստատման և դրանից բխող միջոցառումների իրականացման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը։
Գերատեսչությունը հիշեցնում է, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագով տրամադրված 270 միլիոն դոլար վարկային և 30 միլիոն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։