Քննչական կոմիտեն հայտնում է, որ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի դեպքով։
Կոմիտեն նշում է, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Վեդիի հրշեջ փրկարարական ծառայությունից ահազանգ էր ստացվել, որ նույն օրը` ժամը 11:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Խոսրովի անտառի «Զիմնի» կոչվող հատվածում և հարակից տարածքներում։ Նախնական տվյալներով՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի [անտառներ, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում] և 186-րդ հոդվածի 2-րդ մասի [գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել] հատկանիշներով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հրդեհի առաջացման պատճառը պարզելու համար։