Շուրջ 15 տարի շախմատային ասպարեզում անգերազանցելի՝ աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը այսօր կվերկսի կարիերան: Երկրպագուների կողմից գերաստղ կոչումը ստացած չեմպիոնը 12 տարվա դադարից հետո կվերադառնա շախմատային տախտակի մոտ՝ մասնակցելով ամերիկյան Սենթ Լուիսում կայանալիք արագ և կայծակնային խաղի մրցաշարին:
Կասպարովն այստեղ ուժերը կչափի աշխարհի ինը առաջատար գրոսմայստերների, այդ թվում` Լևոն Արոնյանի, Ֆաբիանո Կարուանայի, Սերգեյ Կարյակինի, Վիշվանաթան Անանդի ու Դավիթ Նավարայի հետ: Ինն էլ երիտասարդ են Կասպարովից, ով մրցաշարի նախօրեին Թվիթերում խոստովանել էր՝ «Պաշտոնապես վերադառնալ սպորտ՝ շատ հուզիչ է: Տեսնենք՝ կկարողանա՞մ հիշել՝ ինչպես էին ֆիգուրները տեղաշարժվում»:
Վերլուծաբանները ևս այս օրերին ակտիվորեն քննարկում են՝ հնարավո՞ր է արդյոք 54 տարեկանում, և այն էլ՝ տևական ժամանակ բոլորովին այլ գործունեությամբ զբաղվելուց հետո, կրկին փայլել շախմատային երկնակամարում:
«Մեկ բան հստակ է՝ նա չի գալիս հենց այնպես, պարտվելու մտադրությամբ, Կասպարովի մեջ շատ ամուր է նստած հաղթողի հոգեբանությունը և շատ կարևոր՝ չստվերել շախմատային լեգենդի երբեմնի փառքը», - գրում է ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն:
«Ֆրանսպրես»-ը, իր հերթին, հիշեցնում է՝ Կասպարովը շախմատային խաղի իր ճկունությամբ ու արագությամբ բազմիցս է աշխարհին անակնկալի բերել: «1985-ին նա հաղթեց Կարպովին՝ 22 տարեկանում դառնալով աշխարհի ամենաերիտասարդ շախմատի չեմպիոնը և պահպանելով այդ տիտղոսը ավելի քան մեկ տասնամյակ, ինչը ևս աննախադեպ էր: Կասպարովն ամեն ինչ անում էր հանուն հաղթանակի և չէր հաշտվում պարտության հետ», - փաստում է գործակալությունը, հիշեցնելով՝ 90 ականների վերջերին նա հպարտորեն հայտարարեց, թե որևէ համակարգիչ չի կարող գերազանցել իրեն շախմատում, և ինքն էլ իր ասածի ծուղակն ընկավ. 1997-ին IBM-ի սուպերհամակարգչի՝ Deep Blue-ի հետ խաղում աշխարհի չեմպոնն առաջին անգամ զիջեց մեքենային, ընդունելով պարտությունը՝ Կասպարովը դահլիճից հեռացավ արցունքն աչքերին:
Տևական հաղթանակներից հետո Կասպարովը թողեց շախմատը 2005-ին՝ մտնելով քաղաքականություն: Նա ակտիվորեն անդամակցում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին քննադատող ընդդիմադիր կուսակցություններին ու շարժումներին: «Հիմա՝ ավելի քան մեկ տասնամյակ Կրեմլի դեմ պայքարելուց հետո նա կրկին վերադառնում է իր տարերքին՝ մրցելով երիտասարդ սերնդի հետ, որոնցից շատերը նրան պատմության մեծագույն շախմատիստներից մեկն էին համարում տևական ժամանակ», - փաստում են արևմտյան լրատվամիջոցները: