Վայոց ձորի անտառապատ տարածքում օգոստոսի 10-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքները այսօր ժամը 7:15-ի դրությամբ վերսկսվել են: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել 12 փրկարար:
Հիշեցնենք, հինգշաբթի երեկոյան արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք: Պարզվել էր, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ, բռնկվել է 14 էլեկտրասյուն, ինչի հետևանքով հոսանքազրկվել էր Արտավան գյուղը:
Առաջին անգամ հրդեհաշիջման համար օգտագործվել են մոտակա ջրամբարի պաշարները:
Հրդեհի (450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք) վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը, տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները, փոխանցում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: