Այսօր ժամը 12:30 Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ) ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում այրվում է բուսածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ 14 հրշեջ-փրկարարով, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբից 4 հրշեջ-փրկարար, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից՝ 3, Մասիսի և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերից՝ 6-ական, և Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբից՝ 8 հրշեջ-փրկարար:
Դեպքի վայրում են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փրկարարական ծառայության գնդապետ Հ. Խանգելդյանը, Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Մ. Մարգարյանը և օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ, փրկարարական ծառայության փոխգնդապետ Տ. Ավագյանը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են Հայաստանի պաշտպանության նախարարության Արարատի զորամասից 25 զինծառայող, Ոստիկանության Վեդու բաժնի 9 աշխատակից և Անտառտնտեսության 50 աշխատակից:
ՊՆ ավիացիայի ուղղաթիռով հրդեհաշիջում են իրականացնում հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից 2 փրկարար:
ԱԻՆ-ը խոստանում է ավելի ուշ լրացուցիչ տեղեկություն տրամադրել: