Մատչելիության հղումներ

Նորք Մարաշի գործով ամբաստանյալները չեն ընդունում մեղադրանքը


Նորք Մարաշի զինված խմբի գործով նիստին ներկա 20 ամբաստանյալներից ոչ մեկն այսօր չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը:

Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ մասնակցելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության հոդվածներով: Նրանց բոլորին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:

Մեղադրող դատախազը 1 ժամից ավելի 20 հոգու համար առանձին-առանձին կարդաց նույն մեղադրանքը, ըստ որի զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանն այս գործով անցնող Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանի հետ հանգել են այն համոզմանը, որ երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրների, Արցախի հարցում հնարավոր զիջումների գնալու պայմաններում Հայաստանում անհրաժեշտ է իշխանափոխություն իրականացնել: Դատախազի ընթերցած մեղադրանքի համաձայն՝ Արթուր Վարդանյանը, 20 հոգուց բաղկացած իր զինված իր խմբով ծրագրել էր թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության վրա շենքերի վրա։ Արթուր Վարդանյանը դատարանում ասաց՝ մեղադրանքը շինծու է, թեև ընդունեց , որ զինամթերքն իրենն է, բայց հերքեց, որ նախագահի ինքնաթիռն խոցելու նպատակ է ունեցել:

«Եթե ունենայինք․․․ գուցե դրա համար են դատում, որ չենք արել», - նշեց նա:

Ըստ նույն մեղադրանքի՝ զինված խմբի անդամներին առաջադրանք է տվել լուսանկարել կամ տեսագրել են Արթուր Վարդանյանի համար հետաքրքրություն ներկայացնող օբյեկտները, այդ թվում` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, Մրգաշեն գյուղում գտնվող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայրական տներն ու մատույցները, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատավայրերը, ինչպես նաև ՀՀ նախագահի նստավայրը, Բարեկամության, Ֆրանսիայի հրապարակները, Հաղթանակ և Կիևյան կամուրջները:

Գլխավոր մեղադրյալներից՝ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը նույնպես չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը, ասաց՝ դատախազի հնչեցրած մեղադրական եզրակացությունը անգրագիտություն է: «Ազատության» հարցին ի պատասխան նշեց՝ սա ԱԱԾ-ի սադրանքն է ու պնդեց, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Երբ մեղադրյալներից Տիգրան Բոյաջյանը նույնպես հրաժարվեց ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը՝ նույն գործով անցնող Նելլի Մինասյանը տեղից հարցրեց՝ բա ի՞նչ էիր այդքան գրել: Հետո լրագրողներին փոխանցեց՝ այս ողջ գործը կազմվել է միայն Տիգրան Բոյաջյանի ցուցմունքի հիման վրա:

«Ինքը նշել է, որ իրեն մեղավոր է ճանաչում լիքը հարցերում: Այս ամբողջ մեղադրական եզրակացությունն էլ կազմված է միայն ու միայն իր ցուցմունքների հիման վրա: Ու հիմա իր խոսքը ինձ լրիվ անհասկանալի էր», - նշեց Մինասյանը:

Ի դեպ մինչ մեղադրող կողմը ընթերցում էր մեղադրական եզրակացությունը, դատական նիստերի դահլիճում ննջել էին գործով անբաստանյալներ Վահան Շիրխանյանը և Արտոն Թոթոնջյանը, իսկ Արթուր Վարդանյանը գիրք էր կարդում։ «Ազատության» հարցին, թե ի՞նչ է ընթերցում, Վարդանյանը պատասխանեց. - «Ինձ բահ տվեք», կարդացե՛ք, դա այսօրվա մասին է»։

Մեղադրող դատախազի հնչեցրած մեղադրանքի համաձայն՝ իշխանությունը բռնությամբ զավթելու նպատակով ստեղծված խմբի ծրագրերը պարտավորվել է ֆինանսավորել Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանը՝ Արթուր Վարդանյանին վճարելով 60 .000 ամն դոլար: Դատարանի դահլիճում Թոթոնջյանը չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը: Նիստից հետո, սակայն, «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ Վարդանյանին վճարել է 60,000 դոլար:

«Հնարած չէ, բայց ինչո՞ւ եմ տվել ես․․․ ամբողջովին այլ նպատակով եմ տվել», - նշեց Թոթոնջյանը: Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ նպատակով է տվել գումարը, պատասխանեց․ - «Օգնելու համար իրեն: Մեր ամենակարևոր կետը Արցախն էր: Միայն այդչափ: Ավել բան չեմ ասի»:

Դատական նիստը հետաձգվեց՝ Վահան Շիրխանյանի ինքազգացողության վատացման պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG