Պետեկամուտների կոմիտեն այս տարվա առաջին կիսամյակում հավաքել է 549.6 միլիարդ դրամ, ինչը 37.6 միլիարդ դրամով ավելի շատ է, քան անցած տարվա առաջին կիսամյակում էր, երբ կոմիտեն ղեկավարում էր նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայությունը ութ տարի գլխավորած Հովհաննես Հովսեփյանը:
Աճի մեծ մասը ապահովվել է հանքարդյունաբերության ոլորտի ընդամենը երեք ընկերությունների և մեծահարուստ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող ձեռնարկությունների հաշվին:
Լրացուցիչ 37.6 միլիարդի կեսից ավելին՝ 21.9 միլիարդը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի», «Գեոպրոմայնինգ գոլդի», «Կապանի լեռնահարստացման կոմբինատի», ինչպես նաև «Ալեքս հոլդինգի», «Նատալի ֆարմի», «Ա և գ»-ի, «Ալեքս գրիգի» ու «Ալեքս տեքստիլի» նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ավելի վճարած հարկերն են:
Ալեքսանյանի անվան հետ կապվող ընկերությունները գրեթե երկու անգամ ավելի հարկ են վճարել, իսկ հանքարդյունաբերող երեք ընկերություններից գանձված գումարը ավելացել է 2.5 անգամ (2016թ. առաջին կիսամյակ՝ 8.6 միլիարդ դրամ, 2017թ․ առաջին կիսամյակ՝ 21.9 միլիարդ):
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում պղնձի խտանյութի արդյունահանումը ավելացել է ընդամենը 6.9 տոկոսով, իսկ միջազգային շուկայում՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ, պղնձի գները աճել են շուրջ 20 տոկոսով: Պետեկամուտների կոմիտեի թվերը ցույց են տալիս, որ այս տարվա առաջին կիսամյակում հայաստանյան ընկերությունները 13.5 միլիարդ դրամի գերավճար են կատարել:
Տնտեսագետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով, գերավճարներով պետբյուջե լցնելը հայաստանյան հարկային մարմինների արդեն ավանդական դարձած գործելաոճն է:
«Սա այն գործիքն է, որը օգտագործվում է հարկային մարմինների կողմից, երբ որ մեզ փորձում են ներկայացնել, որ հարկային վարչարարության ինչ-ինչ աշխատանքների արդյունքում մեզ մոտ հարկերը հավաքվել են ավել», - պարզաբանեց տնտեսագետը:
«Ազատությունը» դիմել էր Պետեկամուտների կոմիտե՝ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով, սակայն պատասխան չստացանք:
Վահագն Խաչատրյանի խոսքով, գերավճարները ազդում են հայաստանյան բիզնեսի ու հետևաբար՝ տնտեսության վրա, որովհետև դրանք զրկում են գործարարներին անհրաժեշտ միջոցներից:
«Զուտ ֆինանսական առումով՝ հասկանալի է, որ այդ գումարները կարող էին դառնալ բիզնեսի շրջանառու միջոց: Այսինքն՝ որպեսզի այդ միջոցները ինքը ձեռք բերի, դիմում է ֆինանսական կառույցներին, ֆինանսական կառույցները անվճար չեն տալիս՝ 6-ից 10 տոկոս լրացուցիչ գումար են վճարում դրա համար», - նշեց Վահագն Խաչատրյանը: