Մատչելիության հղումներ

Թուրքական ընդդիմությունն այժմ էլ «Արդարության համաժողով» է կազմակերպում


Քեմալ Քըլըչդարօղլուն «Արդարության երթի» առաջին շարքերում է, արխիվ
Քեմալ Քըլըչդարօղլուն «Արդարության երթի» առաջին շարքերում է, արխիվ

Անցած հունիսին Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը Անկարա-Ստամբուլ երթուղով 25 օր տևած «Արդարության երթ» էր կազմակերպել:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել: «Ջումհուրիյեթ» պարբերականի փոխանցմամբ, կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ու համակիրները ծրագրում են 5-օրյա «Արդարության համաժողով» անցկացնել Գալիպոլիի թերակղզում: Անցած հունիսին էլ, հիշեցնենք, Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը Անկարա-Ստամբուլ երթուղով 25 օր տևած «Արդարության երթ» էր կազմակերպել:

Կուսակցության խոսնակ Բյուլենթ Թեզջանի խոսքերով՝ համաժողովի անցկացման տարածքը վերածվելու է «ապրող արդարության քաղաքի»: Կուսակցության ղեկավարությունն ու համաժողովի մասնակիցները հինգ օր շարունակ բնակվելու են վրանային ավանում: Օգոստոսի 26-ից 30-ը ժամանակահատվածում կայանալիք համաժողովի ընթացքում քննարկման իմնական թեմաներն են լինելու՝ արդարությունը դատական համակարգում, պետական կառույցներում, ընտրական գործընթացներում, առօրյա կյանքում, դավանանքի հարցում, կրթության ոլորտում, մամուլում:

Առավոտյան և երեկոյան նիստերի ընթացքում անարդար վերաբերմունքի ենթարկվածները ներկայացնելու են իրնց անձնական պատմությունները, այնուհետև ելույթ են ունենալու ոլորտի մասնագետները՝ առաջարկելով լուծման ուղիներ: Համաժողովի ավարտին «Արդարության մանիֆեստ» է հռչակվելու: Նախատեսվում է նաև Չանաքքալեի կենտրոնում կանգնեցել «Արդարության հուշարձան»:

Ինչպես «Արդարության երթի» անցկացման ժամանակ, այնպես էլ հիմա թուրքական ընդդիմությունը արդարության, ժողովրդավարության և ազատության «պահանջ ունեցող» բոլոր քաղաքացիներին, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրում է մասնակցելու «Արդարության համաժողովին», որը համարում են իրենց սկսած «արդարության արշավի» շարունակությունը:

Թուրքական ընդդիմության՝ վերջին ժամանակների ամենամասշտաբային ակցիան համարվող «Արդարության երթը» Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդն ու նրա կողմնակիցները սկսել էին հունիսի 15-ին՝ Անկարայի Գյուվենպարկ այգուց շարժվելով դեպի Ստամբուլ: Նրանք այդպիսով բողոքում էին կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման դատապարտելու՝ դատարանի որոշման դեմ: Բերբերօղլուն մեղավոր է ճանաչվել պետական գաղտնի տեղեկություններ հրապարակելու մեջ:

Շուրջ 450 կմ անցնելուց հետո ԺՀԿ-ի «Արդարության երթն» ավարտվել էր հուլիսի 10-ին Ստամբուլում անցկացված հանրահավաքով, որին մոտ 2 մլն մարդ էր մասնակցել: Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ արդարության համար պայքարը դրանով չի ավարտվելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG