Մայրաքաղաքի իշխանությունները նախատեսում են մոտ մեկ տարի հետո՝ 2018 թվականի վերջին Երևանում նոր տրանսպորտային ցանց ներդնել։ Նոր ցանցում այսպես կոչված «մարշրուտկաները» բացառվելու են։
Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը քաղաքապետարանում հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի համար նոր ավտոբուսներ են ներկրվելու։
«Ազատության» հարցին, թե դրանից հետո տրանսպորտի սակագինը բարձրանալո՞ւ է, Նիկոյանը պատասխանեց, որ գինը դեռ հաշվարկների փուլում է, բայց խորհրդատուի առջև գնի չբարձրացման խնդիր են դրել, և վստահեցրեց՝ ամեն ինչ անելու են, որ սակագինը չբարձրանա։
«Եթե մենք հայտարարում ենք, որ մենք ձեռնարկելու ենք բոլոր միջոցները, դա նշանակում է, որ մենք հավատում ենք այն աշխատանքին, ինչ որ անում ենք, և դա հնարավոր է՝ հնարավոր է, առաջին հերթին, ցանցի օպտիմալացման շրջանակներում, քանի որ օպտիմալ ցանցի պարագայում մենք ակնկալում ենք ունենալ էական ցածր քանակի տրանսպորտային միջոցներ, որն առանց հաշվարկների, բայց որոշակի չափով կամ ամբողջությամբ, կարծում ենք, որ կկոմպենսացնի բարեփոխումների արժեքը։ Այո՛, կարծում ենք՝ հնարավոր է», - ասաց Նիկոյանը։
Արդեն մոտ ութ ամիս է Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային համակարգը կազմակերպելու նպատակով միջազգային խորհրդատու կազմակերպություն է ներգրավել։
Նիկոյանն ասաց, որ կազմակերպությունը խնդրի լուծման չորս տարբերակ է առաջարկել, թե որն է ներդրվելու Երևանում՝ որոշելու են քաղաքապետարանի մասնագետները և բնակիչները։
«Մի բան հստակ է, որ մենք գիտենք, թե ինչ չենք ուզում ունենալ բարեփոխված տրանսպորտային համակարգում՝ մենք չենք ուզում ունենալ գծատերեր, «Գազելներ», որտեղ մարդիկ ստիպված են երթևեկել կռացած և որոնց շահագործման ընթացքում բազմաթիվ խնդիրներ են առաջանում, չենք ուզում ունենալ կանգառներում երկար սպասող քաղաքացիներ, չենք ուզում ունենալ թանկ տրանսպորտային համակարգ և այլն», - ասաց փոխքաղաքապետը։
Նիկոյանը շեշտեց, որ ձգտելու են ընդհանրապես հրաժարվել միկրոավտոբուսներից, քաղաքը սպասարկվելու է միջին և մեծ ավտոբուսներով։ Փոխքաղաքապետի խոսքով՝ նոր համակարգի ներդրման համար մոտավոր հաշվարկներով 100 միլիոն դոլար է անհրաժեշտ։
«Բնականաբար, առաջին ճանապարհը մենք ակնկալում ենք, որ կլինի միջազգային ներդրող, որը մեր չափորոշիչներով և վերահսկողության մեխանիզմներով կփորձի սպասարկել քաղաքը։ Չի բացառվում, որ չլինի ներդրող այս համակարգում, և մենք հաշվի ենք առել, որ այդ պարագայում մենք պետք է իրականացնենք այդ ներդրումները և այդ ուղղությամբ արդեն իսկ միջազգային ֆինանսական կառույցների հետ բանակցություններ վարել ենք, խոսքս հստակեցնեմ՝ Եվրոպական ներդրումային բանկն արդեն իսկ բանավոր տվել է համաձայնություն, որ ծրագիրը համայնքի կողմից իրականացվելու պարագայում պատրաստ է բավականին մատչելի պայմաններով համայնքին վարկավորել», - ասաց Նիկոյանը։
Տրանսպորտային նոր համակարգով նաև էլեկտրոնային տոմսերի համակարգ է ներդրվելու մայրաքաղաքում։ Դրա շնորհիվ նաև սակագնի բազմազանություն է լինելու, հատուկ խմբերի համար նաև զեղչեր են նախատեսվում։
Փոխքաղաքապետին հիշեցրինք 2013 թվականի տրանսպորտի սակագնի թանկացման դեմ ցույցերը, երբ քաղաքապետարանի պաշտոնյաները հայտարարում էին, որ 150 դրամ սակագնին այլընտրանք չկա։
«Ազատության» հարցին՝ իսկ հնարավոր չէ՞ր այս ամենն այն ժամանակ անել, Վահե Նիկոյանը պատասխանեց. - «Այն, ինչ որ մենք հիմա ենք անում, դա այսօր ենք մենք հրավիրել մամուլի ասուլիս, բայց այդ գործընթացը մենք սկսել ենք հենց այդ պահից, սա բավականին ժամանակատար գործընթաց է: Հնարավո՞ր էր այդ պահին անել, կարծում եմ՝ ո՛չ, եթե հնարավոր լիներ, կանեինք»։