Մատչելիության հղումներ

Սահակյան․ «Վարչապետի պաշտոնը պետք է զբաղեցնի մարդ, ով կկարողանա դիմակայել արտաքին մարտահրավերներին»


Ժողովուրդը չի ընդվզի, եթե Սերժ Սարգսյանն առաջիկա ապրիլին նախագահական լիազորությունների ավարտից հետո ստանձնի վարչապետի պաշտոնն ու շարունակի երկրի ղեկավարումը, վստահ է իշխող Հանրապետականի քաղաքական խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Այդուհանդերձ օրեր առաջ Սոցիալական ապահովության ծառայության պետ նշանակված Սահակյանն այսօր «Ազատության» եթերում ասաց, որ իրեն հայտնի չէ, թե ով է լինելու վարչապետ 2018-ին ու նման քննարկումներ դեռ չեն եղել:

«Եթե այնպես որոշի մեր քաղաքական թիմը, որ պետք է նախագահ Սերժ Սարգսյանը շարունակի, բնականաբար չի լինի [ընդվզում], հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում նաև այն կարևոր հանգամանքը, որը ես նշեցի՝ անցած ճանապարհը և ունեցած այն ավանդն ու փորձը, որը Սերժ Սարգսյանը, որպես նախագահ այս տարիների ընթացքում և մեր երկրի համար դրել է», - հայտարարեց Սահակյանը:

Նախորդ խորհրդարանում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Սահակյանի կարծիքով` ընդդիմադիրների հայտարարությունները, թե հանրությունը դեմ է Սերժ Սարգսյանի վարչապետ նշանակվելուն ու այդ պարագայում բողոքի միջոցառումներ են իրականացվելու՝ ընդամենը քաղաքական հայտարարություններ են:

«Ես չեմ կարծում, որ լուրջ սոցիոլոգիական հարցման արդյունք է այդ հայտարարությունը, այլ ընդամենը քաղաքական հայտարարություն է», - նշեց նա:

Մեկ ամիս առաջ «Արմենիա» հեռուստաընկերության հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանը չէր հստակեցրել՝ արդյո՞ք 2018 թվականի ապրիլից հետո մտադիր է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, ասելով, որ էական չէ, թե ով է լինելու վարչապետը: Պաշտոնավարման ժամկետի ավարտից ինն ամիս առաջ նախագահ Սերժ Սարգսյանը պնդել էր՝ երբեք չի մտածել, թե որն է լինելու իր գործունեության հաջորդ ոլորտը:

Իշխող Հանրապետականի քաղաքական խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանի կարծիքով հաջորդ տարի, երբ Հայաստանն անցնի լիարժեք խորհրդարանական կառավարման, վարչապետի պաշտոնը պետք է զբաղեցնի մարդ, ով կկարողանա դիմակայել արտաքին մարտահրավերներին: Ըստ նախկին պատգամավորի՝ Սերժ Սարգսյանը համապատասխանում է այդ պաշտոնին․ - «Սերժ Սարգսյանը, եթե որևէ պաշտոն էլ չզբաղեցնի, մնում է Սերժ Սարգսյան, որովհետև Արցախի հիմնախնդրի ակունքներում գտնվելով, Արցախի բանակաշինության, անկախության ակունքներում լինելով, եկել է Հայաստանի Հանրապետության անկախացման և զարգացման գործընթացներ ակունքներում մշտապես եղել է»:

Շուրջ երեք տարի առաջ Սահմանադրական հանրաքվեից առաջ Սարգսյանը հայտարարել էր, որ չի զբաղեցնելու վարչապետի պաշտոնն ու ընդհանրապես մեկ անձը երեք անգամ չպետք է երկիր ղեկավարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG