Մատչելիության հղումներ

Մեղադրողը շարունակում է ընթերցել զինված խմբի գործով մեղադրական եզրակացությունը


Շարունակվում է 2015 թվականի աշնանը Երևանում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը։

Մեղադրող կողմը շարունակում է ընթերցել գործով անցնող ամբաստանյալների մեղադրական եզրակացությունը:

Զինված հանցախմբի պարագլուխ ներկայացվող Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բարսեղյանը միջամտեց՝ ասելով, որ անհնար է այս տեքստը նույն բառերով 40 րոպեից ավել լսել, և առաջարկեց այն ներկայացնել լակոնիկ։ Մեղադրող դատախազն ասաց, որ առաջարկն անհիմն է, նշելով, որ տեքստում բոլորի մասին անհատականացվող տվյալներ կան։

Մինչ մեղադրող կողմը ընթերցում էր մեղադրական եզրակացությունը, դատական նիստերի դահլիճում ննջել էին գործով անբաստանյալներ Վահան Շիրխանյանը և Արտոն Թոթոնջյանը, իսկ Արթուր Վարդանյանը գիրք էր կարդում։ «Ազատության» հարցին, թե ի՞նչ է ընթերցում, Վարդանյանը պատասխանեց. - «Ինձ բահ տվեք», կարդացե՛ք, դա այսօրվա մասին է»։

Նշենք, որ Շիրխանյանի իրավունքները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնող փաստաբանը դատարանում այսօր պնդեց, որ իրեն թույլ չեն տվել քրեակատարողական հիմնարկում տեսակցել Շիրխանյան։

Հիշեցնենք՝ 2015-ի նոյեմբերին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարեց խմբավորման 9 անդամների վնասազերծման մասին՝ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի գլխավորությամբ: 33 անձի մեղադրանք էր առաջադրվել: Ամբաստանյալի կարգավիճակում գտնվող 20 անձանցից 12-ը գտնվում են կալանքի տակ, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել է գրավ: Ըստ ԱԱԾ-ի, հանցավոր այս խումբը բռնություն գործադրելու միջոցով իշխանությունը յուրացնելու նպատակ է ունեցել:

Տվյալ գործով անցնում է նաև պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։ Նա մեղադրվում է հանցավոր համագործակցությանը մասնակցելու, նաև իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների մասնակցելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG