«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի մեկնարկին նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանն առաջարկեց գործում հանրային պաշտպան ներգրավել, քանի որ Սեֆիլյանի պաշտպանները ներկա չեն նիստին։
«Ես որևէ անհատական պրոբլեմ չունեմ պարոն Բեգլարյանի հետ [հանրային պաշտպան], հարգում եմ նրան՝ առանց ճանաչելու նույնիսկ, սակայն Ձեր տեսակետը մեր իրավունքների, այս դեպքում՝ իմ իրավունքների խախտում է, այն դեպքում, երբ իմ պաշտպանները ոչ թե բացակայում են, այլ Դուք՝ Ձեր ապօրինի խուզարկությունների պատճառով, թույլ չեք տալիս, որ նրանք ներկա գտնվեն», - ասաց Սեֆիլյանը։
Տաթևիկ Գրիգորյանը հակադարձեց՝ հայտարարելով, որ ոչ թե դատարանը թույլ չի տալիս նրանց մասնակցել նիստերին, այլ որ Սեֆիլյանն ինքն է հանձնարարել իր պաշտպաններին առանց իր ներկայության չմասնակցել նիստերին։ «Նրանք նախորդ նիստերին բազմիցս հայտարարել են, որ ընդունել են Ձեր անօրինական հանձնարարությունը և չեն մասնակցելու դատական նիստերին՝ քանի Դուք հեռացված եք նիստերի դահլիճից։ Հետևաբար դատարանը հորդորում է Ձեզ՝ չփաստարկված, անհիմն մեղադրանքներով դատական նիստում հանդես չգալ», - ասաց դատավորը՝ շարունակելով. - «Ձեր բացակայության ժամանակ պաշտպանների ներկայությունը պարտադիր է, քանի որ Դուք չունեք պաշտպան, որը կմասնակցի դատական նիստերին, դատարանը պետք է Ձեզ ապահովի պաշտպանով»։
Սեֆիլյանը հրաժարվեց հանրային պաշտպանից՝ խորհուրդ տալով «այդ ռեսուրսը պահել Սերժ Սարգսյանի և իր բանդայի համար»։
Դատարանը հեռացրեց Սեֆիլյանին նիստերի դահլիճից։
Չնայած Սեֆիլյանի առարկություններին, դատարանը որոշում կայացրեց Էմին Բեգլարյանին ներգրավել որպես հանրային պաշտպան։
Նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 18-ին ժամը 11։00-ին։
Հիշեցնենք, Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հանցագործությունների մեջ՝ զանգվածային անկարգությունների հրահրում, նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։ Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքները՝ դրանք կապելով իր քաղաքական գործունեության հետ:
Այս գործով 7 մեղադրյալ է անցնում, այդ թվում՝ «տոնածառի գործով» երկու տարվա ազատազրկման դատապարտված Գևորգ Սաֆարյանը, որը մեղադրվում է 2015 թվականի ապրիլին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։