Մատչելիության հղումներ

Հարձակման են ենթարկվել բանան ներկրող գործարարի պահեստները


Հարձակման ենթարկված սառնարանի կոմպրեսորը
Հարձակման ենթարկված սառնարանի կոմպրեսորը

Հայաստան բանան ներկրող գործարար Վահրամ Միրաքյանի համոզմամբ, իր պահեստների վրա հարձակում կատարողները նրանք են, ում խանգարում է իր բիզնեսը։ Միրաքյանն այսօր առավոտյան բացահայտել է, որ էրեբունի օդանավակայանի մոտ տեղակայված պահեստների վրա հարձակում է եղել։ Սառնարանների կոմպրեսորների վրա քայքայող հեղուկ են լցրել։

«Եթե գիշերը կանգներ սառնարանը, մի 20 տոննայից ավել ապրանք կար մեջը, այդ ամեն ինչը փչանալու էր: Բայց ոնց որ չի կանգնել», - «Ազատության» հետ զրույցում նշեց գործարարը:

Պահեստի տարածքում կայանված բեռնատարները վնասված չեն, փորձ չի արվել նաև պահեստից միրգ տանել։ Վահրամ Միրքյանը հենց դրանից է եզրակացրել, որ ոչ թե գողության, այլ բիզնեսը խոչընդոտելու փորձ է։

«Միայն կարող եմ ենթադրել, որ այն մարդանց է վերաբերում, ովքեր հետաքրքրված չեն, որ մենք բանան ներկրենք», - ընդգծեց նա:

2016-ի սեպտեմբերին պաշտոնը ստանձնելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ յուրաքանչյուր ոք Հայաստան կարող է ներկրել այն, ինչ ցանկանա։ Դրանից հետո հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց հատկապես բանանի ներկրման հարցը։ Հայաստան բանանի ներմուծման ոլորտում գերիշխող է «Քեթրին Գրուպ» ընկերությանը, որը կապվում է իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր, օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի անվան հետ։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալներով, այժմ Հայաստան բանան ներկրում են տասնյակ ընկերություններ, սակայն գերիշխողը շարունակում է մնալ «Քեթրին Գրուպը»։

«2016-ին ունեցել ենք 40 բանան ներկրող և «Քեթրին Գրուպը» զբաղեցրել է շուկայի 56 տ ոկոսը», - «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը:

Վարչապետի հայտարարությունից հետո 33-ամյա Վահրամ Միրաքյանն առաջիններից մեկն էր, ով Հայաստան բանան ներկրեց։

Մինչ այդ 2016-ի նոյեմբերին բանան ներկրելու փորձ արած մեկ այլ գործարար, ում անունը այդպես էլ չհայտարարվեց, հանդիպել էր խոչընդոտների։ ՊԵԿ-ը ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը: Ավելի ուշ ՊԵԿ-ը հայտարարեց, որ տնտեսվարողը ստացել է աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը:

Իր հանդեպ կատարվածը բանանի շուկան նորեկներից մաքրելու հերթական փորձ համարող երիտասարդ գործարարը դիմել է ոստիկանություն։

Նախորդ տարեվերջից բանանի բիզնեսով զբաղվող Միրաքյանը նշում է՝ եթե իշխանությունը շահագրգռված է, որ քաղաքացիներն ազատ ներկրեն այն, ինչ ցանկանում են, պետք է ապացուցի դա՝ կատարված հանցագործությունը բացահայտելով։ «Ազատության» հետ զրույցում Միրաքյանը շեշտեց՝ միջադեպից հետո չի պատրաստվում դադարեցնել բանանի ներկրումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG