Մատչելիության հղումներ

Տուրիզմի խթանման խորհրդանիշ դարձած «Տաթևեր» ճոպանուղու մերձակա ճանապարհներն անմխիթար վիճակում են


Դեռ 2012 թվականին զբոսաշրջային գոտի հռչակված Հալիձոր և Տաթև գյուղերն իրար կապող ճանապարհը տարիներ շարունակ չի ասֆալտապատվում: Խորհրդային Միության փլուզումից ի վեր այստեղ ճանապարհի վերանորոգման որևէ աշխատանք չի իրականացվել: «Ով մի անգամ գալիս է Տաթև, երկրորդ անգամ էլ չի գալիս։ Ճանապարհ չկա»,- «Ազատությանն» ասաց տեղի բնակիչներից մեկը:

Տաթև խոշորացված համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի խոսքով՝ գյուղ տանող ճանապարհի կառուցման հետ կապված առայժմ միայն նախագահ Սերժ Սարգսյանի «բանավոր խոստումն ունեն»: Սակայն, տակավին պարզ չէ՝ արդյո՞ք այդ խոստումն իրական ծրագրի կվերածվի:

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իրենք համայնքի հետ քննարկել ու նպատակահարմար չեն գտել Հալիձոր- Տաթև 9 կիլոմետրանոց հատվածի, նաև ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատումը, քանի որ այդ դեպքում ասֆալտապատված ճանապարհների շահագործման ծախսերը պետք է արվեին Տաթևի բյուջեի հաշվին, ինչի հնարավորությունը համայնքը չունի:

Չնայած անբարեկարգ ու թերի ենթակառուցվածքներին, աշխարհի ամենաերկար «Տաթևեր» ճոպանուղին հատկապես այս տարի աննախադեպ թվով զբոսաշրջիկների է հրապուրել: Դա, սակայն, ըստ տաթևցիների, տեղի երիտասարդներին գյուղում չի պահել: «Էս գյուղի ամենաերիտասարդ մարդիկ մենք ենք՝ ծերերս»,- ասում են գյուղի տարեցները:

Աղունիկ Փարսյանի զավակները նույնպես լքել են գյուղը՝ այլ տեղերում աշխատանք գտնելու համար: Ամռան ամիսներին իր տանը զբոսաշրջիկների հյուրընկալող կինն ասում է՝ այդպես կարողանում են գոնե իրենց օրվա հացի գումարը վաստակել, մի փոքր էլ ձմեռվա պաշար կուտակել։ Չնայած Տաթևում հատկապես ամռանը կարելի է հարյուրավոր զբոսաշրջիկներ տեսնել, սակայն համայնքի զարգացման հնարավորությունը գյուղացիներն իրենց հանրահայտ ճոպանուղիով չեն պայմանավորում։ «Գյուղը զարգացնում են գյուղատնտեսական տեխնիկաներով, հողերը վարելով»,- ասում են նրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG