Մատչելիության հղումներ

Մոսկվայի հանդեպ նոր սանկցիաների հնարավոր վտանգին ընդառաջ՝ Հայաստանը «դիվերսիֆիկացնում է շուկաները»


Հայաստանի կառավարության շենքը, արխիվ
Հայաստանի կառավարության շենքը, արխիվ

Մեկնաբանները թերահավատ են՝ «Հայաստանը չունի տնտեսական զարգացման տեսլական»:

Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցները Հայաստանի տնտեսության համար դեռևս լուրջ մտահոգությունների պատճառ չեն: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցում այս մասին ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նախարարի խոսքով, իրենք, այդուհանդերձ, վերլուծում են, թե Հայաստանի վրա ինչ ազդեցություն կունենան այդ պատժամիջոցները:

«Պատժամիջոցները վաղուց են գործում, դուք տեսաք, որ մեր տնտեսությունն արդեն ադապտացվել է, և ես այս պահին մեծ մտահոգությունների պատճառ դեռ չեմ տեսնում»,- ասաց Սուրեն Կարայանը: Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությամբ ուժի մեջ մտավ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրենքը, որն առաջին հերթին հարվածելու է Ռուսաստանի էներգետիկ ոլորտին:

Հայաստանի տնտեսական զարգացման ոլորտը վերահսկող նախարար Կարայանն այսօր ընդգծեց՝ իրենք այժմ փորձում են հայաստանյան արտադրանքի համար նոր շուկաներ գտնել, ինչի մասին վկայում է այս տարվա առաջին կիսամյակի արտահանման վիճակագրությունը: «Առաջին 6 ամիսների ընթացքում եթե դեպի ԵՏՄ շուկաներ արտահանումն աճել է 25 տոկոսով, ապա արտահանումը դեպի Եվրամիության շուկա աճել է 20 տոկոսով: Այսինքն՝ մենք աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի դիվերսիֆիկացնենք մեր շուկաները»,- ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը զարմանալի է համարում, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին ամիսներ շարունակ շրջանառվող տեղեկությունների պարագայում Հայաստանի կառավարությունը հստակ լուծումներ գտնելու փոխարեն դեռ վերլուծում է հնարավոր հետևանքները: Իսկ հայտարարությունը, թե հայաստանյան տնտեսությունն ընտելացել է պատժամիջոցներին, ըստ մեկնաբանի՝ քարոզչական բնույթ ունի:

«Մենք վարժվել ենք ինչի՞ն, վարժվել ենք, որ այսպես գոյատևելու՞ ենք, այս հարցի պատասխանը չկա: Այսինքն՝ Հայաստանը չունի տնտեսական զարգացման իր տեսլականը, իր ռազմավարությունը: Խոսվում է ընդամենը ներդրումների հոսքի մասին, բայց մենք տեսնում ենք, որ թե՛ [տնտեսության] որակի, թե նաև կենսամակարդակի առումով ոչինչ չի փոխվել»,- «Ազատության» հետ զրույցում ասաց մեկնաբանը:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ի տարբերություն իր գործընկեր Կարայանի, նախորդ շաբաթ «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ Ռուսաստանի և Իրանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցները կվնասեն նաև Հայաստանի տնտեսությունը: Այսօր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ևս «տրամաբանական» համարեց, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասական ազդեցություն կունենան Հայաստանի համար:

«Ակնհայտ է՝ երբ Ռուսաստանի տնտեսությունում տեղի են ունենում բացասական երևույթներ, դա անդրադառնում է բոլոր հարևանների վրա: Դրա դասական օրինակն այն է, որ երբ Ռուսաստանում եղավ ճգնաժամ, դա անդրադարձավ թե՛ ԵՏՄ անդամ Հայաստանի վրա, թե՛ ոչ անդամ Ադրբեջանի վրա, թե՛ դեպի Եվրամիություն գնացող Վրաստանի վրա»,- ասաց Շավարշ Քոչարյանը: Փոխարտգործնախարարի խոսքով՝ չեզոքացնել պատժամիջոցների հետևանքները Հայաստանն, իհարկե, չի կարող, սակայն դրանց ազդեցությունը նվազեցնելու համար իրենք փորձում են նոր արտաքին տնտեսական ու քաղաքական կապեր հաստատել․ «Բոլորի հետ, ում հետ ձեռնտու է, պետք է հարաբերվենք տնտեսական առումով»:

Կառավարության նախորդ նիստում որոշում էր կայացվել՝ ակտիվացնել արտաքին տնտեսական քաղաքականությունը: Այդ նպատակով գործադիրն առանձնացրել էր 14 երկիր, որոնց հետ տնտեսական հարաբերություններն աշխուժացնելու ուղղությամբ տարվելու է համապատասխան աշխատանք: Այդ նախաձեռնությունում, սակայն, Եվրասիական տնտեսական միությունը որևէ կերպ չէր հիշատակվում, իսկ առանձնացված երկրների ցանկում ԵՏՄ անդամներից տեղ էր գտել միայն Ռուսաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG