Մատչելիության հղումներ

Անկարան և Բեռլինը համաձայնության են եկել Բունդեսթագի պատգամավորների` գերմանական զորախումբ այցի շուրջ


Թուրքիայում տեղակայված Ինջիրլիկ ռազմակայանը, արխիվ
Թուրքիայում տեղակայված Ինջիրլիկ ռազմակայանը, արխիվ

Գրեթե մեկ տարի շարունակված դիվանագիտական սկանդալներից ու փոխադարձ մեղադրանքներից հետո Անկարան և Բեռլինը կարողացան ընդհանուր հայտարարի գալ Բունդեսթագի պատգամավորների` Կոնիայում տեղակայված գերմանական զորախումբ այցի շուրջ: Գերմանացի յոթ պատգամավորները Կոնիայի ռազմակայան կայցելեն սեպտեմբերի 8-ին:

Հիշեցնենք՝ 2016 թվականի հունիսին, երբ Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատը` Բունդեսթագը, Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց, թուրքական իշխանություններն արգելեցին գերմանացի խորհրդարանականներին այցելել Թուրքիայի տարածքում գտնվող երկու ռազմակայաններ` Ինջիրլիկ և Կոնիա:

Թուրքական կողմի այս գործողությունների հետևանքով էր, որ պաշտոնական Բեռլինը ստիպված էր դուրս բերել Ինջիրլիկում տեղակայված գերմանական ավիացիոն խումբը` այն վերատեղակայելով Հորդանանի տարածքում:

Կոնիայում ծառայող գերմանացի զինվորականների թիվը չի գերազանցում 30-ը և նրանց այցելելու մասին պայմանավորվածությունը ձեռք բերվեց Հյուսիսատլանտյան դաշինքի և Անկարայի միջև մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունքում:

«Տեսչական այդ այցը, սակայն, կանցնի ոչ թե գերմանական Բունդեսթագի, այլ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո: Կոնիա մեկնող պատվիրակության ղեկավարությունը կստանձնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը», - տեղեկացնում է գերմանական DPA լրատվական գործակալությունը:

Գերմանիայի քաղաքական դաշտում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում. ամենահաճախ հնչող հարցը հետևյալն է` արդյո՞ք Գերմանիան՝ համաձայնելով իր պատգամավորների այցը կազմակերպել Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո, անհարկի զիջումների չգնաց Անկարային:

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցը նման հարցադրման հետ համաձայն չէ: «Այս պայմանավորվածություններն իհարկե Թուրքիայի հետ հարաբերություններում առկա բոլոր խնդիրների և կոնֆլիկտների լուծում չէ: Դրա հետ մեկտեղ ես չեմ կարծում, որ սա Էրդողանին արված զիջում է», - հայտարարում էր Շուլցը:

Սեպտեմբերի 8-ին Կոնիա մեկնող պատվիրակության անդամներից մեկի` Գերմանիայի Ձախերի կուսակցության անդամ Ալեքսանդր Նոյի համոզմամբ, Բեռլինը՝ համաձայնելով այցի նման ֆորմատին, ստիպված էր հստակ զիջումների գնալ Էրդողանի կառավարությանը:

«Տեղի ունեցածը պարզապես կապիտուլյացիա է: Մենք հերթական անգամ ընկրկեցինք Էրդողանի գործադրած ճնշման առջև», - նշում էր գերմանացի պատգամավորը:

Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում, Ալեքսանդր Նոյը Կոնիա մեկնելուց առաջ անվտանգության հստակ երաշխիքներ է պահանջել:

«Հաշվի առնելով այն աբսուրդային մեղադրանքները, որ հնչում էին Անկարայից իմ հասցեին, թե ես իբր կապեր ունեմ Քրդական բանվորական կուսակցության հետ, ես որոշակի մտավախություններ ունեմ», - նշել է Ձախերի կուսակցության ներկայացուցիչը գերմանական թերթին տված հարցազրույցում` հավելելով. - «Պետք է շատ հստակորեն ասվի, որ ես [այցի ավարտից հետո ] կկարողանամ լքել Թուրքիայի տարածքը»:

Գերմանացի պատգամավորի մտավախություններն այնքան էլ անտեղի չեն: Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին թուրքական ոստիկանությունը Ստամբուլի հյուրանոցներից մեկում ձերբակալեց իրավապաշտպանական խնդիրներին նվիրված սեմինարի տասը մասնակցիների, որոնց թվում էր նաև Գերմանիայի քաղաքացի Պիտեր Շտոյդները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG