Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետը պատրաստ է քննարկել փողոցներն ու դպրոցները անվանափոխելու հարցը


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատրաստ է քննարկել մայրաքաղաքում բոլշևիկների անուններ կրող փողոցներն ու դպրոցները անվանափոխելու հարցը։ Այսօր «Ազատության» հարցին ի պատասխան Երևանի քաղաքապետը ասաց, որ դեռ առաջարկը չեն ստացել, բայց մամուլից լսել է նախաձեռնության մասին։

«Առաջարկները հասկանանք՝ հետո մեր կարծիքը կհայտնենք անպայման», - նշեց Մարգարյանը:

Օրերս Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ավագանիում նախաձեռնությամբ են հանդես գալու՝ առաջարկելով անվանափոխել մայրաքաղաքի այն փողոցներն ու դպրոցները, որոնք կրում են բոլշևիկ գործիչների անուններ: Հարությունյանի խոսքով, հանրությունը բավարար տեղեկացված չէ, բազմաթիվ մարդիկ պարզապես անտեղյակ են, թե ստալինյան ժամանակաշրջանի բռնաճնշումներին ինչ առնչություն են ունեցել հայազգի բոլշևիկները:

1992-96 թվականներին Երևանի քաղաքապետ քաղաքապետ Վահագն Խաչատրյանը հիշեցնում է, որ հենց իր ղեկավարման տարիներին են Երևանի հիմնական փողոցները անվանափոխվել։ Այն ժամանակ հատուկ հանձնաժողով էր ստեղծվել, որը, ըստ Խաչատրյանի, ուսումնասիրում էր, թե փողոցները ում անուններով են և ինչ են արել նրանք հայերի համար։ Նախկին քաղաքապետը կարծում է, որ հիմա էլ պետք է նույն կերպ վարվել: Մինչ անկախությունը Երևանում կային Շմիդտի, 26 կոմիսարների, Գվարդիականների, Անդրֆեդերացիայի և այլ փողոցներ։ Նախկին քաղաքապետի խոսքով՝ 90-ականներին իրենք չհասցրեցին շատ փողոցներ անվանափոխել, քանի որ դրանց թիվը մեծ էր, իսկ հիմա կրկին հարմար պահ է այդ հարցը քննարկելու համար։

«Ինձ համար անընդունելի է․․․ ասենք՝ Սպանդարյան փողոց, որ վերցնում եք: Ո՞վ է եղել Սպանդարյանը: Նույն Կասյան փողոցը, որ մնացել է: Ինչո՞ւ է իր անունով կոչվել», - նշեց Խաչատրյանը:

Երևանի նախկին քաղաքապետը շատ կարևոր է համարում նաև հարցնել երևանցիների կարծիքը, քանի որ օրինակ 90-ականներին իրենք Բաքվի 26 կոմիսարներից մեկի՝ Արսեն Ամիրյանի անունը կրող փողոցը վերանվանել էին Վռամշապուհ արքայի փողոց, բայց հետո հասկացան, որ մարդկանց կիրառության համար Ամիրյան անվանումը ավելի հարմար էր և փողոցին վերադարձրեցին հին անունը։ Խաչատրյանը նաև խորհուրդ է տալիս լուրջ ուսումնասիրել կենսագրությունները և չշտապել փողոցները և դպրոցները անվանափոխելու հարցում, ժամանակ դեռ կա, ասում է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG