Մատչելիության հղումներ

Պուտին. Աբխազիան Ռուսաստանի հուսալի գործընկերն ու դաշնակիցն է


Ռուսաստանի և Աբխազիայի նախագահների համատեղ ասուլիսը, Պիցունդա, 8-ը օգոստոսի, 2017թ․
Ռուսաստանի և Աբխազիայի նախագահների համատեղ ասուլիսը, Պիցունդա, 8-ը օգոստոսի, 2017թ․

Ռուսաստանը շարունակելու է ապահովել Աբխազիայի անվտանգությունը: Այս մասին երեկ երեկոյան Պիցունդայում հայտարարեց կարճատև այցով Աբխազիա ժամանած Վլադիմիր Պուտինը:

«Աբխազիան Ռուսաստանի կարևոր գործընկերն ու դաշնակիցն է, որի հետ մեզ միավորում են ընդհանուր պատմությունն ու հոգեհարազատության զգացումը: Ռուսաստանը շարունակելու է նպաստել Աբխազիայի սոցիալ-տնեսական զարգացմանն ու հուսալիորեն ապահովել [Աբխազիայի] անվտանգությունը», - նշում էր Պուտինը:

Ռուսաստանի նախագահը Աբխազիա ժամանեց 2008 թվականի օգոստոսյան պատերազմի 9-րդ տարելիցի օրը: Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ բանակցությունների մեկնարկին Վլադիմիր Պուտինն ընդգծում էր, որ Մոսկվայի համար Սուխումիի հետ հարաբերություններում առանցքայինը Աբխազիայի առջև ծառացած տնտեսական բավական լուրջ խնդիրների լուծման ուղիներ գտնելն է:

«Ամենակարևորն այն է, որ մենք առանձնահատուկ հարաբերություններ ունենք Աբխազիայի հետ: Մենք հուսալիորեն երաշխավորում ենք Աբխազիայի անվտանգությունը, ինքնուրույնությունը, անկախությունը: Համոզված եմ, որ հետագայում ևս այդպես է լինելու: Մեզ մնում է միայն Աբխազիայի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի և հարկային բազայի ստեղծման օպտիմալ ուղիներ գտնել», - հայտարարում էր Ռուսաստանի նախագահը:

Աբխազական բյուջեի եկամտային հոդվածների զգալի մասը ձևավորվում է Ռուսաստանից ստացվող ուղղակի հատկացումների միջոցով: «Վերջին յոթ տարիներին ռուսական կողմը Աբխազիային շուրջ 24 միլիարդ ռուբլի է հատկացրել», - պնդում է պետական TAСС գործակալությունը:

Երեկ կայացած բանակցությունների ընթացքում կողմերի քննարկման հիմնական թեմաներից մեկը շարունակում էր մնալ նաև ռուսական և աբխազական ուժային կառույցների համագործակցության խորացումը` ընդհուպ մինչև դրանց միավորումը մեկ միասնական կառույցում: Արդեն մի քանի տարի է ինչ Մոսկվան ակտիվորեն փորձում է աբխազական ուժային գերատեսչությունները ամբողջությամբ կամ գոնե մասամբ Մոսկվայի ուղղակի ենթակայության տակ դնել:

«Շարունակում ենք աշխատել անվտանգության և պաշտպանության ոլորտի միասնական պատկերացումների ձևավորման ուղղությամբ: Այդ նպատակով նախատեսվում է Ռուսաստանի և Աբխազիայի զինված ուժերի միասնական զորախումբ ստեղծել», - հայտարարում էր Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան:

Ռուս-աբխազական միասնական զորախմբի ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է 2015 թվականի նոյեմբերին: Միասնական այդ ստորաբաժանման ձևավորման աշխատանքները դեռ շարունակվում են: Ըստ երկկողմ համաձայնագրի՝ միասնական զորախմբում ընդգրկված են լինելու Աբխազիայում գործող ռուսական ռազմակայանի անձնակազմը, երկու աբխազական գումարտակ, առանձին հրետանային և ավիացիոն խմբեր և հատուկ նշանակության մեկ ջոկատ: Միասնական զորախմբի ղեկավարը Գուդաուտայում տեղակայված ռուսական ռազմակայանի հրամանատարն է լինելու: Դատելով երեկ Պիցունդայում հնչած հայտարարություններից, սակայն, կողմերն այսքանով որոշել են չսահմանափակվել:

«Միասնական ճանապարհային քարտեզ ձևավորելու մտադրություն ունենք, որի նպատակն է պաշտպանության, անվտանգության և սահմանների պահպանության ոլորտներում համագործակցության փուլային խորացումը: Օրերս ուժի մեջ մտավ նաև Ռուսաստանի և Աբխազիայի ներքին գործերի նախարարությունների միասնական տեղեկատվական-համակարգող կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիրը: Այս քայլի նպատակը հանցավորության դեմ պայքարի միասնական գործողությունների արդյունավետության բարձրացումն է: Դա շատ կարևոր է նաև Աբխազիա ժամանող ռուսաստանցի զբոսաշրջիկների բնականոն հանգիստն ապահովելու տեսանկյունից», - հայտարարում էր Պուտինը:

Ռուսաստանի նախագահի այս վերջին հայտարարությունը թափանցիկ ակնկարկ էր, որ վերաբերում էր վերջին շաբաթներին Աբխազիայում ռուսաստանցիների դեմ իրականացված ավազակային հարձակումների թվի աճին: Դրանցից ամենաաղմկալին տեղի ունեցավ հուլիսի 11-ին Գուդաուտայի շրջանում, որի հետևանքով ռուսաստանցի զբոսաշրջիկներից մեկը զոհվեց, մի քանիսը վիրավորվեցին:

Իսկ պաշտոնական Թբիլիսիի արձագանքը Պուտինի աբխազական այցին բավական կոշտ էր: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Ռուսաստանի նախագահի այցին անդրադարձավ օգոստոսյան պատերազմի զոհերի հուշահամալիր կատարած այցելության ընթացքում:

«Այսօր, երբ մենք ոգեկոչում ենք այդ ողբերգության զոհերի հիշատակը, Ռուսաստանի նախագահը ժամանում է Վրաստան, Աբխազիա` խախտելով բոլոր միջազգային նորմերը: Դա Ռուսաստանի կողմից Վրաստանի հանդեպ իրականացված պատմական անարդարությունը լեգիտիմացնելու փորձ է», - պնդում էր Մարգվելաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG