Հյուսիսային Կորեան սպառնում է հրթիռային հարված հասցնել խաղաղօվկիանոսյան Գուամ կղզում գտնվող ամերիկյան ռազմակայաններին: «Զինվորականներն այժմ մանրազնին ուսումնասիրում են միջին հեռահարության հրթիռները գործի դնելու հնարավորությունը: Գործողությունների այդ ծրագիրը ամենասեղմ ժամկետում կներկայացվի առաջորդ Կիմ Չեն Ինին և գործի կդրվի անմիջապես՝ նրա հրամանի դեպքում», - տեղեկացրել է Հյուսիսային Կորեայի պետական հեռուստաընկերությունը՝ հղում անելով բանակի ներկայացուցիչներին:
«Այժմ կորեական բանակի ռազմավարական ուժերը ամենայն ուշադրությամբ ուսումնասիրում են Գուամի ուղղությամբ կրակ բացելու և բալիստիկ հրթիռներով հարվածներ հասցնելու ծրագիրը: Նահանգների կողմից կանխարգելիչ պատերազմ սկսելու ցանկացած փորձ կստանա արժանի հակահարված ու կվերածվի լայնամասշտաբ պատերազմի: Միացյալ Նահանգներին հարկ է ընդունել փաստը, որ Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռները մշտապես գտնվում են մարտական վիճակում», - զգուշացրել է Փհենյանը Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին ի պատասխան:
Սպիտակ տան ղեկավարը ժամեր առաջ խոստացել էր՝ այսուհետ Փհենյանի ցանկացած սպառնալիքի չտեսնված հրով և ցասումով պատասխանել: «Հյուսիսային Կորեան ավելի լավ կանի՝ չսպառնա Նահանգներին, դրա պատասխանը կլինի հուր և այնպիսի ցասում, որն աշխարհը դեռ չի տեսել: Նրանց սպառնալիքները արդեն դուրս են գալիս սովորական հայտարարությունների շրջանակից, և ինչպես նշեցի, եթե դրանք շարունակվեն, պատասխան կստանան այնպիսի ուժով, որն աշխարհը դեռ չի տեսել», - հայտարարել էր Թրամփը:
Գուամի նահանգապետ Էդի Կալվոն տեղեկացրել է, որ այժմ աշխատում է անվտանգության մարմինների հետ՝ կղզու ապահովությունը երաշխավորելու համար: Միացյալ Նահանգներին պատկանող այս տարածքում ամերիկացի զինվորականներից բացի ավելի քան 150 հազար մարդ է ապրում:
«Ուզում եմ վստահեցնել՝ ներկայումս մեզ սպառնացող վտանգ չկա», - հայտարարել է նահանգապետը: - «Այս առավոտ ես կապ եմ հաստատել նաև Սպիտակ տան հետ, Գուամին ուղղված սպառնալիքը սպառնալիք է Միացյալ Նահանգների դեմ, Գուամը ամերիկյան հող է, սակայն սա ընդամենը ռազմական հենակետ չէ, մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի»:
Անվտանգության շուրջ կասկածները փարատելու համար ժամեր առաջ Միացյալ Նահանգների պետքարտուղարը անձամբ մեկնեց Գուամ: «Ամերիկացիները կարող են հանգիստ քնել և չմտահոգվել վերջին օրերի հռետորաբանության կապակցությամբ», - վստահեցրեց Պետդեպարտամենտի ղեկավարը՝ միաժամանակ պնդելով, թե Փհենյանը սրում է իրավիճակը ոչ թե նախագահ Թրամփի վերջին նախազգուշացումների, այլ միջազգային հանրության սահմանած պատժամիջոցների պատճառով:
«Նախագահը ընդամենը խիստ ուղերձ է հղել Հյուսիսային Կորեային մի լեզվով, որը առաջնորդ Կիմ Չեն Ինը կարող է հասկանալ, որովհետև թվում է՝ նա դիվանագիտական լեզուն չի ըմբռնում: Կարծում եմ՝ նախագահն ընդամենը ուզում էր, որ Հյուսիսային Կորեայի վարչակազմի համար ակնհայտ դառնա՝ Միացյալ Նահանգները աներկբա ի զորու է պաշտպանել ինքն իրեն և իր դաշնակիցներին», - ասաց պետքարտուղարը:
Թիլերսոնը, ով վերջին օրերին հանդիպումներ էր անցկացնում Ասիայում՝ հյուսիսկորեական ճգնաժամի շուրջ, հայտարարել է՝ չի կարծում, որ այժմ անհրաժեշտ է փոխել դիվանագիտական մոտեցումն այս խնդրին: Ճիշտ հակառակը՝ Փհենյանի վերջին սպառնալիքները ցույց են տալիս, որ ներկայիս ռազմավարությունն արդյունավետ է, և նրանք հայտնվել են անկյունում, պնդել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը:
Նախագահ Թրամփն, իր հերթին, ժամեր առաջ Թվիթերում գրել է․ - «Որպես նախագահ՝ իմ առաջին հրամանն էր նորացնել և արդիականացնել մեր միջուկային զինանոցը, այժմ այն շատ ավելի ուժեղ է և հզոր, քան երբևէ»:
Վաշինգտոնի և Փհենյանի միջև հակասությունները ավելի քան հիսուն տարվա պատմություն ունեն: Չնայած Նահանգների ու միջազգային հանրության հորդորներին՝ Հյուսիսային Կորեան շարունակում է փորձարկումները միջուկային զենք ստանալու ուղղությամբ: Օրեր առաջ The Washington Post-ը, հղում անելով ամերիկյան հետախուզությանը, գրեց, թե Փհենյանն արդեն միջուկային մարտագլխիկներ ունի, որոնք կարող են վնասել Նահանգներին:
Ի պատասխան, Վաշինգտոնի նախաձեռնությամբ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անցած շաբաթավերջին միաձայն որոշեց նոր, առավել ընդարձակ սահմանափակումներ մտցնել Փհենյանի նկատմամբ, որոնք, ամերիկացի դեսպան Նիքի Հեյլիի խոսքով, որևէ երկրի դեմ սահմանված ամենախիստ պատժամիջոցներն են նորագույն պատմության մեջ: Դրանք արգելում են ՄԱԿ-ի անդամներին Հյուսիսային Կորեայից ածուխ, երկաթ, կապար և ծովամթերք գնել, ինչի արդյունքում, մոտավոր հաշվարկով, Փհենյանի արտարժութային եկամուտները կնվազեն մեկ երրորդով: Բացի այդ, արգելվում է Հյուսիսային Կորեայի հետ համատեղ ձեռնարկություններ բացել կամ ներդրումներ անել արդեն իսկ գործող ձեռնարկություններում: