Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն սեպտեմբերի երկրորդ կեսին Նյու Յորքում


ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, Երևան, 9-ը օգոստոսի, 2017 թ․
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, Երևան, 9-ը օգոստոսի, 2017 թ․

«Ազատության» հետ զրույցում, Էդվարդ Նալբանդյանն այսօր նաև նշեց, որ Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չկա:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ դեռ որևէ պայմանավորվածություն չկա: Հայտնի է, սակայն, որ սեպտեմբերի երկրորդ կեսին Նյու Յորքում կկայանա երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը: Այսօր այս մասին, «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարին հնարավոր եղավ հարցեր ուղղել այսօր կեսօրին մոտ Երևանում կայացած՝ Չինաստանի դեսպանության նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ: «Երբ նոր տեղեկություններ լինեն, այն ժամանակ կասենք: Նյու Յորքում կայանալիք հանդիպման օրակարգում այն հարցերն են, որոնց մասին բազմիցս ասել ենք՝ համապատասխան պայմաններ ստեղծել, բանակցային գործընթացն առաջ տանելու համար»,- ասաց Նալբանդյանը:

Օրեր առաջ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, թե նախնական համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման վերաբերյալ: Վերջին անգամ Սարգսյանն ու Ալիևը հանդիպել են ավելի քան մեկ տարի առաջ՝ 2016 թ․ հունիսին Սանկտ-Պետերբուրգում: «Ազատության» հարցին՝ արդյո՞ք միջնորդները պատրաստվում են հանդես գալ նոր առաջարկությամբ, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր պատասխանեց․ «Գիտեք ինչ, դժվար է հեծանիվ հորինել, այն ինչ որ կա, եղել է, դրա շուրջ մենք բանակցում ենք»: Արտգործնախարի խոսքով՝ անկախ ամեն ինչից, բանակցություններին այլընտրանք չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG