Ըստ Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրառ» ընկերության գլխավոր ճարտարագետ Գագիկ Մկրտչյանի, արմավիրցիների պնդումները, թե ջուր չկա՝ դաշտերն ու այգիները ոռոգելու համար, իրականությանը չի համապատասխանում։
«Այդպիսին, որ ջուր չկա, դա իրականությանը չի համապատասխանում, ինչ վերաբերում է, որ ջուրը չի բավարարում, դա այն չէ, որ կարելի է վերագրել ջուր չլինելուն, որովհետև ջուրը կա այնքան, որ բավարար է, և կարելի է շրջանառության միջոցով ջուրը մատակարարել բոլոր ջրօգտագործողներին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մկրտչյանը։
Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ երեկ «Ազատության» հետ զրույցում բողոքում էին ոռոգման ջրի սակավությունից։ Նրանց խոսքով՝ արդեն մեկ ամիս է ջուրը տալիս են մի քանի ժամով, ապա կտրում օրերով: Արմավիր համայնքի գյուղատնտեսներն էլ բողոքում էին, որ սակավաջրության պատճառով այն, ինչ ցանել էին, չորացել է, զրկվել են ամբողջ տարվա եկամտից։
Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս բացատրել գյուղացիների այս բողոքները, Մկրտչյանն այսպես պատասխանեց. - «Կներե՛ք, ես չեմ ուզում ոչ մեկին մեղադրել, բայց դա ներքին շրջանառության խնդիրն է, որ կարելի է ջուրը ճիշտ կառավարել և հասցնել այն ամենավերջին կետը, որովհետև պրոբլեմը միշտ վերջին կետում է լինում»։
Ճշտող հարցին, թե ջրօգտագործող ընկերությո՞ւնն է մեղավոր, ջուրը ճիշտ չի՞ բաշխում, Մկրտչյանը պատասխանեց. - «Ես չեմ ուզում մեղադրանքով խոսել իրենց հասցեին, բոլորս մեկ գործ ենք կատարում՝ թե՛ ջրօգտագործող, թե՛ «Ջրառ», բայց եթե «Արմավիր» ՋՕ ընկերության մասին է խոսքը՝ բոլոր ջրաղբյուրներով ինքը ջուրը ստանում է։ Եթե համեմատության կարգով ասենք, այս տարի Արմավիր ՋՕԸ-ն այս տասը ջրօգտագործողներից միակն է եղել, որ մեծ քանակի ջուր է վերցրել, պետք է կարողանալ ճիշտ կառավարել»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.