Մատչելիության հղումներ

Պուտին․ Ռուսաստանը կմնա Աբխազիայի անկախության և անվտանգության երաշխավորը


Ռուսաստանի և Աբխազիայի նախագահների հանդիպումը Պիցունդայում, 8-ը օգոստոսի, 2017թ․
Ռուսաստանի և Աբխազիայի նախագահների հանդիպումը Պիցունդայում, 8-ը օգոստոսի, 2017թ․

«Ռուսաստանը վճռական է՝ հետագայում ևս հուսալիորեն երաշխավորելու Աբխազիայի Հանրապետության անվտանգությունը և անկախությունը», - հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ երեքշաբթի օրը այցելելով Աբխազիա:

Պիցունդայում Աբխազիայի առաջնորդ Ռաուլ Խաջիմբայի հետ հանդիպմանը նա ասել է, որ ռուս - աբխազական միացյալ զորախումբը զարգանում է շատ լավ, սոլիդ բազայի վրա, և նշել է, որ հետագա քայլերի շուրջ ևս պայմանավորվածություններ կան:

Ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պուտինը նաև ասել է, թե Ռուսաստանի և Աբխազիայի ուժային կառույցների համագործակցությունը կբարձրացնի Աբխազիայում հանգստացող զբոսաշրջիկների անվտանգությունը: Մասնավորապես, նա հիշեցրել է, որ Ռուսաստանի և Աբխազիայի ներքին գործերի նախարարությունների միջև տեղեկատվական համակարգող կենտրոն ստեղծելու պայմանավորվածություն կա:

Հիշեցնենք, որ Աբխազիայում հանգստացող ռուսաստանցի զբոսաշրջիկները վերջին շրջանում ավազակային հարձակման էին ենթարկվել, հարձակման հետևանքով զբոսաշրջիկներից մեկը մահացել է:

Խաջիմբայի հետ հանդիպմանը Պուտինը անդրադարձել է նաև սոցիալ-տնտեսական հարցերի, ասել է, թե անհրաժեշտ է գտնել Աբխազիայի տնտեսությունը զարգացնելու օպտիմալ ուղիները՝ նոր աշխատատեղեր ստեղծելու և սեփական հարկային դաշտ ձևավորելու համար:

Վերջին անգամ Ռուսաստանի նախագահը Աբխազիա էր ժամանել 2013-ի օգոստոսի 25-ին՝ Ռուսաստանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչման 5-րդ տարեդարձի կապակցությամբ:

Այս անգամ Պուտինը Աբխազիա է եկել օգոստոսի 8-ին, երբ նշվում է 2008 թվականի ռուս - վրացական օգոստոսյան կարճատև պատերազմի 9-րդ տարելիցը: Նրա այցելության օրը Վրաստանի կառավարական, պետական հաստատությունների շենքերի վրայի ազգային դրոշները իջեցված էին, ռուսական օկուպացիայի դեմ մի շարք ակցիաներ էին տեղի ունենում, հարգանքի տուրք էր մատուցվում պատերազմի զոհերի հիշատակին:

Թբիլիսիի զինվորական գերեզմանատանը ծաղկեպսակ դնելով զոհվածների հուշարձանին՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին լրագրողների հետ զրույցում ասել է. - «Այսօր, երբ մենք սգում ենք այդ ողբերգության կորուստների համար, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը, խախտելով միջազգային օրենքը, այցելում է Վրաստան, Աբխազիա, փորձելով օրինականացնել պատմական անարդարությունը, որը Ռուսաստանը գործել է Վրաստանի դեմ»:

Ավելի վաղ՝ օգոստոսի սկզբին, երբ ռուսական մամուլը գրել էր Պուտինի այցելության հնարավորության մասին, Վրաստանի կառավարության պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին Ռուսաստանի նախագահի այցը Աբխազիա սադրանք էր գնահատել և ռուսական օկուպացիայի շարունակություն:

2008 թվականի ռուս - վրացական կարճատև պատերազմից հետո պաշտոնական Մոսկվան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG