Մատչելիության հղումներ

Ժողովուրդը պատրաստ չէ ևս 30 տարի հանդուրժել Սերժ Սարգսյանին. քաղաքագետ


Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ մինչև ապրիլ քաղաքական դաշտում հնարավոր է որոշակի ակտիվություն լինի, որովհետև, ըստ Գրիգորյանի, մի կողմից նախագահ Սերժ Սարգսյանն է ուզում մնալ վարչապետ, մյուս կողմից վարչապետ Կարեն Կարապետյանը, ըստ քաղաքագետի, չի պատրաստվում հեռանալ վարչապետի պաշտոնից։

«Մինչև ապրիլ, կարծում եմ, ակտիվություն կլինի, որովհետև Սերժ Սարգսյանը ուզում է մնալ վարչապետ, որովհետև բոլոր քայլերն ավելի շատ դրան են տանում՝ Սերժ Սարգսյանը նախապատրաստվում է վարչապետության, ու Կարեն Կարապետյանն էլ, կարծես թե, ևս պատրաստվում է, չնայած դրա համար շատ հիմքեր, այսպես ասած, չունի։ Ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը հավատում է, որ իր հայտարարած 3 միլիարդ դոլար ներդրումը կարող է կարևոր գործոն լինի, Սերժ Սարգսյանը որպեսզի որոշի իրեն թողնել վարչապետ, բայց դա դժվար տարբերակ է, որովհետև Սերժ Սարգսյանը, եթե երկուսուկես, երեք տարի բանակցելով Եվրամիության հետ վերջում հայտնվել է ԵԱՏՄ-ում ՝ մեկ գիշերվա ընթացքում, ինչպես ինքն է ասել, ապա կարծում եմ, որ եթե այդ մեծ կառույցին խաբել ու այլ գործողություն է արել, այս դեպքում ավելի շատ հավանական է, որ նա իր տված խոստումները, պայմանավորվածությունները չպահի և հենց ինքը դառնա վարչապետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Հարցին, թե վարչապետի պաշտոնի համար կպայքարեն ավելի շատ իշխանակա՞ն ճամբարում, Գրիգորյանը պատասխանեց. - «Կարծում եմ, որ այստեղ երեք սուբյեկտներ կառաջանան՝ մի սուբյեկտը կլինի ընդդիմությունը, մյուս սուբյեկտը կլինի Կարեն Կարապետյանը, մյուսը՝ Սերժ Սարգսյանը, և այս եռանկյունին հետաքրքիր քաղաքական պրոցեսների հիմք կհանդիսանա, ու այստեղ, կարծես թե, բնական դաշնակիցներ են դառնում Կարեն Կարապետյանն ու ընդդիմությունը, որովհետև երկուսի մոտ էլ ցանկության մակարդակում այնպես է, որ Սերժ Սարգսյանը չմնա վարչապետ, կարող է ընդդիմությունն այլ պլաններ էլ ունենա՝ իրենք վարչապետ ունենան, չնայած այս պահին դրա հնարավորությունն առանց ընտրությունների սահմանափակ է»։

Քաղաքագետի կարծիքով՝ ժողովուրդը պատրաստ չէ ևս 30 տարի հանդուրժել Սերժ Սարգսյանին։

«Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում մեծ հաշվով միակ մարդը Սերժ Սարգսյանն է, որ ուզում է վարչապետ դառնա, եթե չհամարենք Արմեն Աշոտյան, Էդուարդ Շարմազանով և այս շարքը։ Կարծում եմ, որ որպես քաղաքացի այդպիսի հիմք չկա, որպեսզի Սերժ Սարգսյանը դառնա, ու այստեղ շատ կարող է պայքարն ինչ-որ ձևով թեժանա նաև այդ առումով, որովհետև ժողովուրդը ամեն դեպքում Սերժ Սարգսյանին ևս մի 30 տարի հանդուրժելու, կարծում եմ, պատրաստ չէ», - ասաց Գրիգորյանը։

Նշենք, որ երեկ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը հայտարարեցին, որ միասին կպայքարեն Սերժ Սարգսյանի իշխանության հնարավոր վերարտադրության դեմ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG