Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի գնահատմամբ, այս 2017-ը երաշտի տարի է և Հայաստանը խնդիր ունի ոռոգման առումով:
«Երաշտի տարի է այս տարի, տեղումները քիչ են եղել և ցավոք սրտի կան ջրամբարներ, որոնք ամբողջովին լցված չեն և մենք խնդիր ունենք ոռոգման առումով, ունենք խնդիրներ անջրդի տարածքներում», - «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի եթերում այսօր հայտարարեց նախարարը: - «Հիմնականում դա դաշտավարությամբ զբաղվող տարածքներ են՝ հացահատիկային և հատիկաընդեղենային, խոտհարքների համար, որը խնդիր կհանդիսանա բարձր բերքատվություն ունենալու», - նշեց նա:
Նախարարին ուղղված վիդեոհարցերից մեկը վերաբերում էր գյուղացիներին տրամադրվող պետական աջակցությանը: Այս առնչությամբ Իգնատի Առաքելյանը պարզաբանեց․ - «Մենք տվել ենք պարարտանյութ, տվել ենք դիզվառելիք, չգիտեմ՝ հասել է, թե չի հասել: Մենք գնում ենք դեպի այն ուղղվածությունը, որ գյուղատնտեսությունը պետք է արդյունավետ լինի: Ինչքան էլ մենք սուբսիդավորենք, այստեղ երբեք ցորենը չի կարող լինել եկամտաբեր: Պետք է գտնել այլ մշակաբույսեր, և դրա վրա մենք աշխատում ենք Հայաստանում»:
Շիրակի մարզի գյուղերից մեկից էլ մտահոգություն էր հնչեցվել, որ կոմբայն չկա, ստիպված են սպասել, որպեսզի այլ գյուղերից կոմբայն գա բերքահավաքի: Նախարարը նշեց, որ այս խնդիրը լուծելու համար կա լիզինգի ծրագիր, որի շրջանակներում 3 տոկոսանոց վարկեր են տրամադրվում, որը թույլ է տալիս գյուղացիներին լիզինգային պայմաններով գյուղտեխնիկա ձեռք բերել: - «Իհարկե, դա թանկ է և փոքր գյուղացիական տնտեսությունները չեն կարող օգտվել, դրա համար մենք հայտարարել ենք մեկ այլ ծրագիր՝ գյուղտեխնիկայի կայան, որը հագեցած կլինի բարձրակարգ տեխնիկայով և կմատուցի շուկայականից ցածր արժեքով ծառայությունները», - նշեց Իգնատի Առաքելյանը, այդուհանդերձ ափսոսանք հայտնելով, որ ծրագիրը «մի քիչ ուշանում է»: