Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը, Օհանյանը և Օսկանյանը միասին կպայքարեն իշխանության վերարտադրության դեմ


Խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցած Րաֆֆի Հովհաննիսյանը, Սեյրան Օհանյանը և Վարդան Օսկանյանը միասին կպայքարեն Սերժ Սարգսյանի իշխանության հնարավոր վերարտադրության դեմ:

«Ես ինձ թույլ կտամ ասել, որովհետև փոքրիշատե տեղյակ եմ: Ես գիտեմ, որ այո՛, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ են թե՛ Սեյրան Օհանյանը, և թե՛ Վարդան Օսկանյանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը:

Նրա փոխանցմամբ՝ վերջին օրերին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ընդդիմության միավորման շուրջ բանակցություններ են սկսել։ Սուսաննա Մուրադյանը չմանրամասնեց, թե ինչ այլ ուժերի ու գործիչների հետ են բանակցություններ տարվում, միայն շեշտեց, որ հիմնական բանակցությունները ընթանում են արտախորհրդարանական ընդդիմադիրների և խորհրդարանում գտնվող փոքրաթիվ ընդդիմության հետ․ - «Ժառանգությունը» նաև պատրաստ է որևէ այլ խելամիտ նախաձեռնության ինքը միավորվել, որպեսզի հատկապես հենց Սերժ Սարգսյանը չվերարտադրվի, նաև իր կուսակցությունը նորից հինգ տարի չմնա մեր երկրի ղեկին»»:

Մուրադյանի կարծիքով երկիրը հասել է ճգնաժամի շեմին, աճել է արտագաղթը, արտաքին պարտքը ուստի Սարգսյանի իշխանության մնալը վտանգավոր է և դա թույլ չտալու համար իրենք պատրաստ են մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և նույնն են ակնկալում նաև մյուս ընդդիմադիրներից։ Սուսաննա Մուրադյանի խոսքով արդեն սեպտեմբերին վարչության նիստում կամփոփեն բանակցությունների արդյունքները և միավորված ընդդիմությամբ կսկսեն փողոցային պայքարը:

Մուրադյանի խոսքով՝ բանակցությունները դրական ընթացքով են գնում։ Իրենց հաշվարկներով ժողովրդի 80 տոկոսից ավելին դժգոհ է իշխանություններից, ուստի պայքարելով հաջողության հասնելու մեծ շանսեր կան։ Նա նշեց, որ նախկին փողոցային պայքարներից, հանրահավաքներից փորձ են ձեռք բերել, նախկին սխալները չեն կրկնի։ Ինչ վերաբերում է այն պնդումներին, որ «Ժառանգություն» կուսակցությունը չունի նախկին վարկանիշը և ուժը՝ Մուրադյանը հայտարարեց, որ դրանք ընդամենը իշխանական լրատվամիջոցների պնդումներն են, որոնք փորձում են իրենց վարկաբեկել: - «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կամ «Ժառանգությունը» իսկապես չկան, դիակ են, վերացել են, գոյություն չունեն, ապա այդքան չէին խոսի այդ կուսակցության և նրա լիդերի մասին», - հավելեց նա:

«Ժառանգության» վարչության անդամը ասաց, որ անգամ եթե բանակցությունների արդյունքում իրենք միայնակ էլ մնան՝ մեկ է փողոցային պայքարից չեն հրաժարվի, քանի որ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը հիմա ընդդիմադիրների միակ մտահոգությունը պետք է լինի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG