Վրաստանում և Հարավային Օսիայում նշում են 2008 թվականի ռուս - վրացական օգոստոսյան կարճատև պատերազմի 9-րդ տարելիցը:
Վրաստանի կառավարական, պետական հաստատությունների բոլոր շենքերի վրայի ազգային դրոշը իջեցված է: Շփման գծում տեղի են ունենում ակցիաներ Ռուսաստանի օկուպացիայի դեմ:
Երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այցելել են Թբիլիսիի զինվորական գերեզմանատուն, որտեղ հուղարկավորված են պատերազմի ժամանակ զոհված զինծառայողները: Հնգօրյա պատերազմի հետևանքով Վրաստանի բանակի 170 զինծառայող է զոհվել:
Հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին՝ Կվիրիկաշվիլին ասել է. - «Խաղաղությանը այընտրանք չկա, և մենք առաջին հերթին ամեն ինչ անում ենք պահպանելու խաղաղությունը: Մենք կառուցում ենք միասնական, ուժեղ տնտեսությամբ, ժողովրդավարական, իրապես եվրոպական Վրաստան, որ այն ընդհանուր տուն լինի վրացիների, օսերի և աբխազների համար»: Վրաստանի ղեկավարը նաև նշել է, որ պատերազմը ողբերգություն էր բոլորի համար, սակայն «հաշտեցմանը այլընտրանք չկա»:
9 տարի առաջ այս օրը ռուսական զորքերը ներխուժեցին Վրաստան: Կարճատև պատերազմի ընթացքում Վրաստանի 408 քաղաքացի է զոհվել, որից 224-ը՝ խաղաղ բնակիչներ, 170-ը՝ զինծառայողներ և 14-ը՝ ներքին գործերի նախարարության աշխատակիցներ: Պատերազմի հետևանքով տուժեցին կամ ներքին տեղահանվածներ դարձան շուրջ 30 հազար մարդ: Ռուսական տանկերը խորացել էին Վրաստանի տարածք և գտնվում էին Թբիլիսիից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա:
Ըստ ռուսական կողմի մեկնաբանության, 2008-ի օգոստոսի 8-ին Վրաստանը հարձակվել է Հարավային Օսիայի վրա, Ռուսաստանը պաշտպանել է խաղաղ բնակիչներին: Հնգօրյա պատերազմի ընթացքում ավելի քան 1000 մարդ է զոհվել, որից 72-ը՝ ռուսաստանցի զինծառայողներ:
Պատերազմի 9-րդ տարելիցի միջոցառումներ են անցկացվել նաև Հարավային Օսիայում: Դրանց մասնակցել են Վրաստանից անջատված այդ շրջանի առաջնորդներ, հազարավոր քաղաքացիներ: Գլխավոր միջոցառումը անցկացվել է երեկ երեկոյան Ցխինվալիի կենտրոնում: Գեորգևսկի կոչվող աստիճանահարթակին տեղադրվել են զոհվածների լուսանկարները ու հազարավոր մոմեր են վառվել:
Ռուս - վրացական պատերազմը ավարտվեց 2008-ի օգոստոսի 12-ին: Միջազգային միջնորդների ջանքերով այդ օրը համաձայնություն ստորագրվեց: Թբիլիսին պնդում է, որ ռուսական կողմը մինչև հիմա չի կատարել համաձայնագրի պայմանները:
Պատերազմից հետո Մոսկվան ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, ինչը միջազգային հանրությունը չի ընդունում: Անջատված շրջաններում Ռուսաստանը ռազմակայաններ է տեղակայել՝ շուրջ 10 հազար զինվորականներով:
2008-ի սեպտեմբերի 2-ին Վրաստանը հայտարարեց Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները մինչև հիմա վերականգնված չեն:
Հաագայի Միջազգային քրեական դատարանը 2016 թվականից հետաքննում է ռուս - վրացական պատերազմի հետևանքները: Հետաքննության հետ համագործակցում է միայն Վրաստանը, Մոսկվան չի մասնակցում, չի վստահում միջազգային դատարանի հետաքննությանը: