Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր» խմբի հացադուլ հայտարարած անդամները պահանջներ են ներկայացնում իշխանությանը


Նուբարաշենի բանտում պահվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Վարդան Գերավետյանն ու Տիգրան Մանուկյանը չեն պատրաստվում դադարեցնել հացադուլը՝ շարունակելով պահանջներ ներկայացնել իշխանությանը։

Գերավետյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանն «Ազատության» հետ զրույցում փոխանցեց նրա խոսքերը՝ բողոքի ակցիան կշարունակի այնքան, որքան ի վիճակի է։ Նա արդեն 18 օր հրաժարվել է սննդից։

«Ինքը հստակ դիրքորոշում է հայտնում, որ չի պատրաստվում դադարեցնել հացադուլը», - նշեց փաստաբանը:

Գյուրջյանը երկու օր առաջ է այցելել կալանավայր, ասում է, որ հացադուլը հյուծել է պաշտպանյալին, որի վահանաձև գեղձում վերջերս բժիշկները գոյացություն են հայտնաբերել։

«Մտահոգող հարցը իր մոտ հայտնաբերված խպիպի խնդիրն է, որն առանց այդ էլ շատ խնդրահարույց է, բայց այս հացադուլի պայմաններում, երբ օրգանիզմն է հյուծվում, բացի դրանից չի կարողանում դեղ ընդունել», - նշեց փաստաբանը:

Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հացադուլավորների առողջական վիճակը բավարար է, գտնվում են բուժանձնակազմի հսկողության տակ և տեղափոխվել են հացադուլավորների համար նախատեսված խցեր։

Գերավետյանը բողոքի այս ձևով մի քանի պահանջ է ներկայացնում. նախ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներին, ինչպես նաև Անդրիաս Ղուկասյանին, Գևորգ Սաֆարյանին, Շանթ Հարությունյանին և Սարի թաղի կալանավորված բնակիչներին ճանաչել որպես քաղբանտարկյալներ: Բացի այդ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող «Սասնա ծռերին» ընդհանուր բանտախցերից տեղափոխել առանձնացված խցեր։

Հուլիսի 21-ից սննդից հրաժարված Գերավետյանի պնդմամբ՝ իշխանությունների ցուցումով տարբեր միջոցներով փորձ է արվում լարվածություն և թշնամանք սերմանել «Սասնա ծռեր» խմբի անդամների և մյուս կալանավորների միջև, ինչը կարող է հանգեցնել բախումների:

Քրեակատարողական վարչությունից «Ազատությանը» այս հարցի հետ կապված փոխանցեցին, որ ներկայացված պահանջն անօրինական է և չի կատարվի։ Մինչդեռ փաստաբան Դավիթ Գյուրջյանը պնդում է՝ «Սասնա ծռերի» անդամներին պետք է տեղափոխեն առանձնացված խցեր․ - «Դա շատ առարկայական պահանջ է և պիտի կատարվի պետության կողմից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս մարդիկ վկայակոչում են մի վտանգ, որից խուսափելու ապահովումը հենց պետության պարտավորությունն է, ինչը պայմանավորված է մտահոգություններով, որ նպատակային հետապնդումները բանտի ներսում, մասնավորապես՝ խուզարկությունները, որոնք իրականացվում են նպատակային այն խցերում, որտեղ որ պահվում են «Սասնա ծռերի» տղաները, կբերեն որոշակի կոնֆլիկտների հենց Նուբարաշենում պահվող այլ կալանավորների հետ»:

Գերավետյանը նաև պահանջում է քննություն իրականացնել և պատժել «Հաց բերող» անվամբ հայտնի, զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրված Արթուր Սարգսյանի մահվան մեջ մեղավոր անձանց: Գյուրջյանը, ով նաև հանգուցյալ Արթուր Սարգսյանի փաստաբանն է՝ ասում է, որ իրավապահները նրա մահվան գործով միայն բժշկական սխալի վարկածն են քննում:

«Պահանջը այն է, որպեսզի «Հաց բերող» Արթուր Սարգսյանի գործով իրականացվի քրեական հետապնդում և քննություն քննիչների և դատավորների գործողությունների, անգործության և կայացված որոշումների կապակցությամբ, ինչը մինչ օրս չի իրականացվել», - մանրամասնեց փաստաբան:

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբավորման մյուս անդամը՝ Տիգրան Մանուկյանը որպես համերաշխության նշան ընկերոջ հացադուլին է միացել հուլիսի 24-ին։

Հիշեցնենք՝ Վարդան Գերավետյանը և Տիգրան Մանուկյանը մեղադրվում են կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք բերված զենքի միջոցով ՊՊԾ գունդը գրավելու, պատանդ վերցնելու, ինչպես նաև գնդի տարածքում գտնվող «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատից մոտ 15 միլիոն դրամ հափշտակելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG