Սկսած 2014 թվականի աշնանը ռուսական «Իգլա» տեսակի զենքով հայկական Զինված ուժերի ռազմական ուղղաթիռի խոցումից, վերջացրած 2016-ի ապրիլյան պատերազմով, երբ կիրառվեցին ռուսական տանկեր, ռուսական հակատանկային միջոցներ և այլն, ապացուցում են, որ Հայաստանի դեմ հիմնականում ռուսական զենքերն են օգտագործվում։ Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը։
Վկայակոչելով Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների կենտրոնի (SIPRI) ուսումնասիրությունը, նա նշեց, որ Ադրբեջան մատակարարվող հարձակողական սպառազինությունների 85 տոկոսը գալիս է Ռուսաստանից։
«Բազմաթիվ երկրներ Ադրբեջանին զենք չեն վաճառում, առհասարակ կոնֆլիկտի կողմերին՝ Ադրբեջանին և Հայաստանին։ 1994 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները պայմանավորվեցին, որ կողմերին զենք չեն վաճառելու։ Այս պայմանավորվածությունը խախտել են երեք երկրներ՝ Ռուսաստանը, Թուրքիան և Ֆրանսիան, ընդ որում՝ Ռուսաստանն ու Թուրքիան մատակարարել են զենք Ադրբեջանին, Ռուսաստանն ու Ֆրանսիան մատակարարել են զենք Հայաստանին, սա բավականին տաքացրեց կոնֆլիկտը և կոնֆլիկտի վերսկսման հավանականությունն ավելացավ, որովհետև 94 թվականից հետո եթե կողմերին զենք չվաճառվեր, իրավիճակի փոփոխություն չէր լինի», - ասաց Իոաննիսյանը։