Մատչելիության հղումներ

Շոգ ամառն ու ջրի պակասը լուրջ վնասներ են հասցրել արևիկցիների բերքին


Արևիկցի Անդրանիկ Հայրապետյանն անցած գիշեր շուկա տարած սմբուկը ետ է բերել, գնորդները չեն հավանել նրա դաշտի բերքը։

«Մեկը ասում է՝ ծուռ է, մյուսը՝ սպիտակած է: Սա նորմալ բադրիջան է եղել, մնաց արևի տակ՝ էսքան տեղը: Իսկ որ ջուրը լիներ՝ բերքը կմնար սիրուն», - պատմում է նա:

Շոգ ամառն ու ուժեղ արևը լուրջ վնասներ են հասցրել արևիկցիների բերքին։ Արդեն երկու ամիս ջրի խնդիր ունեցող գյուղացիներն այսօր չեն կարողանում շուկայում իրացնել իրենց դաշտերի ձմերուկը, լոլիկը, վարունգն ու սմբուկը։

Այս պահին արևիկցիները հատկապես ձմերուկի իրացման խնդիր ունեն։ Ասում են՝ այս տարվա բերքը նախորդ տարվա համեմատ դեռ քիչ է, մյուս կողմից էլ սակավ ջրի պատճառով որակն է ընկել։

«Հինգ հազար մետր հող է, 700-800 հազար դրամի ծախս ենք արել, 100 հազար դրամի չենք կարողացել առևտուր անենք», - պատմում են գյուղացիները:

Մոտ մեկ ամիս առաջ էլ արևիկցիները տոննաներով վարունգ են թափել։

Գյուղացիներն ասում են՝ տարին երաշտային է, եթե շարունակեն դաշտերը չջրել, աշնանն ավելի մեծ կորուստներ կունենան։

Վարկերի հաշվին գյուղատնտեսությամբ զբաղվող Արևիկում անգամ գյուղապետի աշխատավարձն է վերջերս կալանքի տակ հայտնվել։ Գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը, ով նույնպես չի կարողանում իր ձմերուկը իրացնել, առջևում գյուղացիների համար ավելի վատ շրջան է կանխատեսում․ - «Ավելի դաժան կլինի սեպտեմբեր – հոկտեմբեր ամիսներին՝ էս բանկերի հետ խնդիրները: Ես էլ հինգ հատ վարկ ունեմ: Երեկ կալանք դրեցին արդեն աշխատավարձիս վրա: Ժամկետը անց է, երաշխավոր եմ՝ չեն փակել մարդիկ»:

Ինչ վերաբերում է ջրի խնդրին, գյուղապետն ասաց՝ նախարարությունից խոստացել են, որ կլուծեն, բայց չգիտեն երբ:

«Եթե ունենում ենք՝ մեկ-երկու օր, կամ շատ քիչ ջուր է գալիս, որը չենք կարողանում օգտագործենք: Այս այսպիսի խնդիր ունենք», - պատմեց Ծատուրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG