«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ` «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանն առողջական խնդիրներ ունի։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը՝ նշելով, որ Խանդոյանին հատկապես վերջին օրերին անհանգստացնում է աջ ականջի ցավը։
«Ի սկզբանե այդ խնդիրը եղել է, սակայն հավանաբար գլխի հետ կապված ամբողջական խնդիր կար, եթե այսպես կարելի է ասել, ականջի ցավը չէր առանձնանում գլխացավից, հիմա վերջին շրջանում ընդգծված է հատկապես ականջի ցավը՝ և՛ լսողության խնդիր կա, և՛ ականջից արտադրություն կա, և, ցավոք սրտի, երկար ժամանակ որևէ մասնագիտական բուժօգնություն այդ առումով չէր ստացել, և միայն նախորդ հինգշաբթի նրան այցելած բժիշկն է դա հայտնաբերել, այնինչ դա պետք է հայտնաբերվեր դեպքի հաջորդ օրը առնվազն», - ասաց Պապիկյանը։
Պաշտպանի փոխանցմամբ, բժիշկը ցուցում է տվել Խանդոյանին համապատասխան բուժննություն անցնել մասնագիտացված բուժհաստատությունում՝ քաղաքացիական բուժհաստատությունում։
«Ուրբաթ օրը ես այցելել եմ նրան, նրան այցելել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Ես հանդիպեցի նաև քրեակատարողական հիմնարկի բուժծառայության պատասխանատուների հետ, ովքեր նշեցին, որ համապատասխան թղթեր, գրություններ ուղարկել են Քրեակատարողական վարչություն, որպեսզի Խանդոյանին բուժզննության նպատակով տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց կամ համապատասխան բուժհաստատություն։ Դեռևս որևէ գործողություն այդ առումով չկա։ Արյուն էր գալիս ականջից, նաև վերք կա մեջը, բժիշկն է ասել, ես չեմ տեսել», - ասաց Պապիկյանը՝ շարունակելով. - «Ես այսօր դիմում ուղարկեցի Քրեակատարողական վարչություն, նաև դիմում կներկայացնեմ Պաշտպանի աշխատակազմին, և երկու դեպքում էլ խնդրել եմ, որ ավելի քան մեկուկես ամիս խնդիրը բժշկական առումով լուծում չի ստացել, իսկ բարդությունները հնարավոր է ավելի խորանան և ծանր հետևանքներ ունենան, խնդրել եմ շտապ միջոցներ ձեռնարկել՝ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար»։
Հիշեցնենք` հունիսի 28-ին «Սասնա ծռեր»-ի 14 անդամների գործով դատական նիստից հետո փաստաբանները հայտարարեցին, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել Արայիկ Խանդոյանին, Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին և Գագիկ Եղիազարյանին։ Խանդոյանի փաստաբանները դեռ այն ժամանակ ահազանգում էին, որ իրենց պաշտպանյալը գլխի շրջանում ցավեր ունի, սակայն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը հրաժարվում է նրան բուժզննման ենթարկել:
Պապիկյանը կրկին պնդեց՝ Խանդոյանը վնասվածքներ ստացել է հենց այդ ծեծի հետևանքով։
«Խանդոյանն առավելապես հարվածներ ստացել է գլխի և ծոծրակի հատվածում և հարվածները եղել են տևական ժամանակ՝ ավելի քան 10 րոպե շուրջ 10-ից ավելի մարդ նրա գլխի և ծոծրակի հատվածներում հարվածներ են հասցրել։ Առաջին հարվածներից հետո, երբ ինքը գրեթե ուշագնաց վիճակում է եղել, ըստ էության նա ոչ թե ցավ է զգացել, այլ, բառացի ասեմ, դմբդմբոց իր գլխի մեջ, և դրանք շատ երկար ժամանակ են եղել։ Մենք պատահական չէինք ամենևին բարձրաձայնում և խնդրում, որ նրանց ճիշտ բուժօգնություն ցուցաբերելու համար մասնագետներ ստուգեն», - ասաց Պապիկյանը։
Հարցին, թե նրան այդ ժամանակ ինչ-որ պահանջ ներկայացվե՞լ էր, Խանդոյանի պաշտպանը պատասխանեց. - «Չէ, որևէ պահանջ չի եղել, Խանդոյանը, եթե հիշում եք, հեռացված էր նիստերի դահլիճից, ինքը գտնվում էր դատարանի այդ նկուղային խցում, երբ խուց են ներս մտցրել Մխիթար Ավետիսյանին և Արայիկ Կյուրեղյանին՝ ծեծված վիճակով, Խանդոյանը ընդամենը զայրացած տոնով՝ ոչ ինչ-որ վիրավորական, ասել է՝ «ինչո՞ւ եք այդպես վարվում, սա ձեր խնդիրը չէ, չէ՞ որ մենք բազմիցս ասել ենք, որ մենք խնդիր չունենք», և ինքը երբ շրջվել է, որպեսզի զրուցի Արայիկ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի հետ, հետևի՝ մեջքի կողմից ծոծրակի մասում ականջի կողմից հենց հարված է ստացել, իր համար անակնկալ է եղել։ Թեև մենք հիմքեր ունենք կասկածելու, որ դա եղել է նախապես պլանավորած, որովհետև միայն դատարանի դահլիճում չի արձանագրվել այդ օրը միջադեպեր, եթե հիշում եք՝ միջադեպեր տեղի ունեցան նաև դատարանի դրսում և՛ քաղաքացիների, և՛ փաստաբանների նկատմամբ, այսինքն՝ այս բոլոր գործողությունները պատահական, պահի ազդեցության տակ քիչ հավանական էր, որ լիներ»:
Նշենք, որ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:
Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով 14 և 18 մեղադրյալների մասերով երկու առանձին դատավարություն է ընթանում՝ նույն դատավորի նախագահությամբ: Զինված խմբի հիմնական մասը մեղադրվում է գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Երեք ոստիկանների սպանության համար մեղադրվում են խմբի անդամներից երկուսը:
Պապիկյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.