Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին այսօր Վարշավայում լրագրողներին ասել է, թե հեռանում է Լեհաստանից, բայց չի հստակեցրել, թե ուր է մեկնում: Ամեն դեպքում, նա նշել է, որ Ուկրաինա չի գնում: «Ես միշտ չէ, որ հարմարավետ եմ ճամփորդում, բայց բեռնախցիկով ճամփորդելը իմ նախընտրած տարբերակների մեջ չի մտնում», - ասել է նա՝ ընդգծելով, որ մտադիր է Ուկրաինա վերադառնալ օրինական ձևով:
Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվելուց հետո Սաակաշվիլին արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ վերադառնալու է այդ երկիր՝ շարունակելու քաղաքական պայքարը:
Օգոստոսի 4-ին Սաակաշվիլին հայտնվել էր Վարշավայում, որտեղ մասնակցեց Երկրորդ աշխարհամարտի ժամանակ՝ 1944 թվականին Վարշավայի ապստամբության հերթական տարեդարձին նվիրված միջոցառմանը, ինչպես նաև հանդիպում է ունեցել խորհրդարանի մի շարք պատգամավորների հետ: Հաղորդվում է, որ այդ հանդիպմանը մասնակցել են նաև Կիևից ժամանած ուկրաինացի քաղաքական գործիչներ, ըստ մամուլի հրապարակումների՝ Սաակաշվիլին հանդիպել է նաև Լեհաստանի իշխող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկիի հետ: «Ես Լեհաստան եմ եկել նախապատրաստելու իմ վերադարձը Ուկրաինա», - ասել է Սաակաշվիլին ուկրաինական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Վրաստանի նախկին նախագահի ճամփորդության հանելուկը մնում է անձնագրի հարցը: Այդպես էլ հայտնի չէ, թե ինչ փաստաթղթով է նա ճամփորդում: Հուլիսի 26-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն նրան զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից, նրա անձնագիրը համարվել է անվավեր:
Սաակաշվիլին TCH ուկրաինական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ առանց որևէ խնդրի դուրս է եկել Միացյալ Նահանգներից, առանց որևէ խնդրի անցել Լեհաստանի սահմանի անձնագրային ստուգումը: Նրա խոսքով՝ ոչ ոք չի ընդունում, որ իր անձնագիրը անվավեր է համարվել:
Լեհաստանի սահմանային պաշտպանության ծառայության մամուլի խոսնակը հրաժարվել է բացահայտել, թե ինչ փաստաթղթով է Սաակաշվիլին մուտք գործել Լեհաստան: «Մենք այդպիսի տեղեկատվություն չենք տրամադրում, դա կլինի Լեհաստանի օրենքի խախտում», - պատասխանել է նա ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությանը:
Երբ հայտնի դարձավ, որ Սաակաշվիլին Լեհաստանում է, Կիևը սկսեց Լեհաստանի հետ սահմանին վարժություններ անցկացնել: Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Յուրի Դերևյանկոն Ֆեյսբուքում գրել է, որ սահմանի հսկողությունը ուժեղացվել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հրահանգով, որովհետև ենթադրվում էր, որ Սաակաշվիլին վերադառնում է:
Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու հարցը արդեն միջազգային արձագանք է ստանում: Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը Կիևին կոչ է արել Սաակաշվիլիին հնարավորություն տալ դատարանում վիճարկելու իրեն քաղաքացիությունից զրկելու որոշումը: «Սաակաշվիլիին պետք է հնարավորություն տրվի իր իրավունքները պաշտպանելու թափանցիկ դատավարությունում», - ասել է Լիտվայի արտգործնախարարը:
Վրաստանի նոր իշխանությունները չեն դադարեցնում իրենց նախկին նախագահին պատասխանատվության կանչելու փորձերը: Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել է Լեհաստանի իշխանություններին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես է Սաակաշվիլին հայտնվել այդ երկրում:
2013-ից հետո, երբ Վրաստանում ավարտվեց նշանակալից բարեփոխումներ կատարած Սաակաշվիլիի նախագահության երկրորդ ժամկետը, իրավապահները սկսեցին նախկին նախագահին քրեական մի շարք գործերով վկայի կարգավիճակով հարցաքննությունների կանչել: Հաջորդ տարի նրա դեմ մեղադրանքներ հարուցվեցին, այդ թվում՝ 2007-ին ցուցարարների դեմ բռնությունների, «Իմեդի» հեռուստաընկերությունը ուժայինների կողմից գրավելու և եթերազրկելու գործերով: Վրաստանի նոր իշխանությունները Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում են հայտարարել:
Նախկին նախագահը մեղադրանքները չի ընդունում՝ դրանք համարելով քաղաքական դրդապատճառներով սարքված գործեր, քանի որ Վրաստանում իշխանություն է եկել ռուսամետ մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած քաղաքական ուժը: