Մատչելիության հղումներ

Ստեփանավանի օդանավակայանի շինարարներն ԱԻՆ-ից իրենց աշխատավարձն են պահանջում


Ստեփանավանի օդանավակայանում շինարարություն իրականացրած խումբը մինչև այսօր չի կարողանում ստանալ հասանելիք աշխատավարձը։

«Պետությունն՝ ի դեմս Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ), շինարարներին պարտք է 14 միլիոն 430 հազար դրամ», - «Ազատության» հետ զրույցում պնդեց աշխատանքային խմբի ղեկավար Գարեգին Ազարյանը։

Ըստ նրա, 2013-ից սկսած շինարարության համար նորմալ վարձատրվել են միայն առաջին 2-3 ամիսը, դրանից հետո գումար չեն ստացել։ Ազարյանի խոսքով՝ «Նյուտեք շին» ընկերությունը, որը կառավարության պատվերով իրականացրել է օդանավակայանի շինարարությունը, 2015-ին սնանկ է ճանաչվել, իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունն այժմ հրաժարվում է վճարել 35 անձի աշխատավարձը, նախագծի, տեխնիկայի և շինանյութի գումարները։

«ԱԻՆ-ի պատճառաբանությունից մեկն այն է, որ աշխատանքները կատարված են թերություններով, բայց իրանք ոչ մի անգամ չեմ ստուգել, էդ ո՞նց իմացան, որ թերություններով է կատարված աշխատանքը։ Մի անգամ եկել են, երբ որ կատարել էի պարիսպի մեկուկես կիլոմետրը մոտավորապես, նախարարի հետ շրջել են, նայել են, որ աշխատանքներն ընթանում են՝ երկու երեք ֆրոնտով և վերջ, մնացած ժամանակ ոչ մեկը չի ստուգել կատարված աշխատանքները՝ ո՛չ որակը, ո՛չ քանակը», - ասաց Ազարյանը։

Ստեփանավանի օդանավակայանի վերակառուցումը սկսվեց դեռ 2013-ին, երբ գործադիրի որոշմամբ, շինությունը հանվեց մասնավորեցման ծրագրից և հանձնվեց ԱԻՆ-ին։ 2014-ին, կառավարությունը նախարարությունից վերցրեց Երևանում գտնվող 3 միավոր անշարժ գույք՝ ավելի քան 331 միլիոն դրամ ընդհանուր արժեքով և կցեց Պետգույքի կառավարման վարչությանը, այնուհետև որոշեց՝ «Նյուտեք Շին» ընկերությանը որպես կառուցապատող աշխատանքների համար վճարել ԱԻՆ-ից վերցված հենց այդ գույքով։ Նշենք, սակայն, որ մինչև աշխատանքների ավարտը գույքը որպես գրավ պետք է մնար պետության մոտ։

Շինարարության աշղեկի խոսքով՝ այժմ կառուցապատողը դիմել է դատարան ու պահանջել հանել շինությունների գրավն ու որպես վարձատրություն հանձնել իրեն։ Ըստ Ազարյանի, այս ընթացքում ընդհանուր առմամբ 190 միլիոն դրամի աշխատանք է կատարվել, բայց պետությունը դա վճարել չի ցանկանում և հակընդդեմ հայցով է մտնում դատարան։

«Այդ մարդը չի ընդունի, որովհետև իրենք հայտ են ներկայացրել դատարան, գրություն են ներկայացրել դատարան, որպեսզի դատական կարգով այդ տարածքները հետ վերցնեն մեր տնօրինությունից, եթե տարածքներն էլ հետ են վերցնում, ԱԻՆ-ն արդեն վճարելու հետ ընդհանրապես գործ չունի, իրենք հրաժարվել են ամեն ինչից, բայց այդ չհրաժարված ժամանակ էլ ոչ մի կոպեկ չեն տվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազարյանը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից «Ազատության»-ը հայտնեցին, որ ընկերությունն իր նախաձեռնությամբ քանդել է օդանավակայանի վարչական շենքն՝ ավելի թեթև կոնստրուկցիաներով և ավելի ցածր արժեքով վերակառուցելու նպատակով, սակայն մինչև օրս որևէ աշխատանք չի իրականացվել։

Ինչ վերաբերում է օդանավակայանի պարսպի և այլ վերանորոգման աշխատանքներին, ապա, ըստ գերատեսչության, դրանք կատարվել են թերություններով և դեռևս ավարտված չեն, հետևաբար տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության կողմից որևէ ավարտական ակտ չի ստորագրվել և նախարարություն չի ներկայացվել:

Աշխատանքների ղեկավարն էլ ասում է՝ գրեթե նույն պատասխանը ստացել են իրենք։ Ազարյանը վստահ է՝ ԱԻՆ այս կերպ փորձում է խուսափել գումարը վճարելուց։

«Գրած էր՝ «շինարարությունը կատարել ենք առանց թույլտվության», կար համապատասխան թույլտվություն, շինարարությունը կատարելու համար գրված էր այսպիսի մի կետ՝ «որ քանդում են, որպեսզի կառուցեն ավելի թեթև կանստրուկցիայով և ավելի թույլ շենք», նախորդ շենքը նախատեսված է եղել 6-ից 7 բալլի համար, մենք պատվիրել էինք շենքը 9 բալլի համար՝ նույն պարամետրերով, և խնդրել ենք պարզաբանել, եթե 9 բալլի համար նախատեսված շենք է, ո՞նց կարող է ավելի թեթև և թույլ ինել 7 բալլի համար նախատեսված շենքից», - ասաց Ազարյանը։

2016-ի կեսերից կանգնած շինարարության որակին պետք է տրվի հստակ գնահատական՝ ասում է նա՝ նշելով, որ օրվա հացի հույսով ապրող բանվորներն զանգում են, պահանջում իրենց աշխատավարձը։

«Նյուտեք Շին» ընկերությունից դատարանով պահանջել գումարները, սակայն, շինարարները չեն պատրաստվում՝ նշելով, որ առանց այն էլ սնանկ ճանաչված ընկերությունը բազմաթիվ պարտքեր ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG