Մատչելիության հղումներ

Իշխանությունը «Ելքը» պառակտելու ծրագիր ունի․ Արամ Սարգսյան


«Ելք» դաշինքի առաջնորդներից, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը վստահ է, որ իշխող կուսակցությունը ցանկանում է պառակտել ընդդիմադիր ուժը, որպեսզի «Ելք»-ը չկարողանա պայքարել 2018 թվականից հետո վարչապետի պաշտոնը ստանձնելու՝ Սերժ Սարգսյանի ծրագրի դեմ:

Օրեր առաջ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման եթերում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե 2018 թվականի ապրիլից հետո, երբ կլրանա իր պաշտոնավարման ժամկետը և գործող կառավարությունը, նոր սահմանադրության համաձայն, հրաժարական կներկայացնի՝ «ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածությունը»: Նախագահի այս խոսքերը շատերը մեկնաբանել են որպես հայտարարություն այն մասին, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ծրագրում է 2018-ի ապրիլից հետո ստանձնել վարչապետի պաշտոնը: Ընդդիմադիր «Ելք» դաշինքը օրեր առաջ հայտարարել էր, որ ամեն ինչ անելու է, որպեսզի կանխի այդ ծրագիրը: «Ազատության» հարցին՝ հնարավո՞ր է, որ «Ելք»-ը աշնանը գործընթաց նախաձեռնի Սերժ Սարգսյանի՝ վարչապետ լինելու ծրագրերը խափանելու հետ կապված, Արամ Սարգսյանը պատասխանեց․ - «Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը ավելի հիմնավորեց, որ ինքը հակված է շարունակել իր հետագա գործունեությունը վարչապետի պաշտոնում: Ես գտնում եմ, որ դա շատ վնասակար է լինելու Հայաստանի համար: Հետո ամբողջ աշխարհին հայ դիվանագետները, դեսպանները պիտի փորձեն բացատրել, որ դա սահմանադրության շրջանակներում է, որ դա դեմոկրատիային դեմ չէ, բոլորը լսելու են, հետևից ծիծաղելու են ու մենք հավասարվենք Ադրբեջանին»:

Ընդ որում, Արամ Սարգսյանի կարծիքով, այս նպատակին հասցնելու համար Սերժ Սարգսյանը մի «տակտիկա է բանեցնում», որին մասնակցում են Հայաստանի թե՛ քաղաքական, թե՛ վերլուծական դաշտը, և թե՛ որոշ ընդդիմադիրներ: Նրա խոսքով, երբ Սերժ Սարգսյանը 2018-ից հետո ստանձնի վարչապետի պաշտոնը՝ «ակնհայտ է, որ դա հիասթափության ալիք է բարձրացնելու»:

«Ու ո՞վ է դրա դեմ բողոքելու․ «Սասնա ծռերը» բանտում են, մնում է «Ելք» դաշինքը: Պետք է «Ելք» դաշինքը պառակտել, այնպես, ինչպես ՀԱԿ-ը պառակտեցին: Միանշանակ, համոզված եմ, և դա նույնիսկ բարձրաձայնվել է Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավարի՝ Վահրամ Բաղդասարյանի կողմից», - նշեց Արամ Սարգսյանը: - «Ինչո՞ւ: Որովհետև դա թիրախ է, որպեսզի հասարակությունը ավելի հիասթափված լինի, հասարակությունը համարի, որ ով էլ լինի՝ միևնույնն է, բան չի փոխվելու, որ մնացածները բոլորը ծախված են, հաճախորդ են», - հավելեց նա:

«Ելք» քննարկման կդնի ԵՏՄ-ից դուրս գալու հարցը

Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը պատրաստվում է այս աշնանը Եվրասիական տնտեսական միության հետ փոխհարաբերությունների, ինչպես նաև ԵՏՄ-ից դուրս գալու հարցով քննարկում հրավիրել:

«Աշնան հենց սկզբին դա կլինի «Ելք» դաշինքի համար 1-ին քննարկվող հարցերից», - «Ազատության» հետ զրույցում նշեց Արամ Սարգսյանը: - «ԵՏՄ-ի, ԵՏՄ-ի հետ փոխհարաբերությունների, ԵՏՄ-ից դուրս գալու քննարկումների հարցը միանշանակ կլինի «Ելք» դաշինքի օրակարգում», - մասնավորեցրեց նա:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամ է 2015 թվականի հունվարի 2-ից․ ԵՏՄ-ին միանալու գործընթացը Հայաստանը սկսեց 2013թ. աշնանը, նախագահ Սերժ Սարգսյանի Ռուսաստան կատարած այցից հետո, ինչը դարձավ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման տապալման պատճառ: Փորձագետները բազմիցս համոզմունք են հայտնել, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցել է Մոսկվայի ճնշման հետևանքով, թեև պաշտոնական Երևանը հերքում է դա:

«Ազատության» հարցին՝ ի՞նչ է կարծում, Հայաստանի իշխող ուժը, նրա ղեկավար Սերժ Սարգսյանը կգնա՞ն ԵՏՄ-ից դուրս գալու քայլին և ո՞ր դեպքում նրանք կարող են նման գործընթաց սկսել, «Ելք» դաշինքի ներկայացուցիչը պատասխանեց․ - «Ես հասկանում եմ, որ Հանրապետական կուսակցությունը չի գալու ու կողմ քվեարկի ԵՏՄ-ից դուրս գալուն, բայց դա չի նշանակում, որ «Ելք» դաշինքը չպիտի նախաձեռնի ու նման խնդրով հանդես գա: Պետք է շատ պայծառ երևակայություն ունենալ, պատկերացնելու համար, որ այս իշխանությունները կարող են գնալ նման քայլի, բայց այս իշխանությունները գոնե նման քայլերով կարող են զսպել Ռուսաստանին, ավելին պոկել, որովհետև այս Սառը պատերազմի գործընթացը՝ այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև, տանում է նրան, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կիրառվում են էներգետիկ, նավթային ոլորտների դեմ, որոնք ռուսական բյուջեին հիմնական գումար բերողն են: Ռուսաստանը չի դիմանալու այդ պատժամիջոցներին: Հայաստանի իշխանություններին կոչ եմ անում օր առաջ դիմել Ռուսաստանի իշխանություններին, բացատրել, որ տնտեսական առումով այդ Միությունը թե՛ Հայաստանին, թե՛ Ռուսաստանին որևէ օգուտ չի տալիս»:

Արամ Սարգսյանի խոսքով, «Ելք» դաշինքը, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը բարձրացնելով, ոչ թե Ռուսաստանի դեմ քայլ է անում, այլ անում է «ի օգուտ թե՛ Հայաստանի, թե՛ ընդհանուր շահի»:

«Մենք չենք ուզում դուռը շրխկացնել, մենք ուզում ենք ցույց տալ ինչն է մեզ ձեռնտու, և այն, ինչ մեզ ձեռնտու է, այնքան էլ ձեզ վնաս չէ», - պարզաբանեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG