«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը պնդում է, թե իր պաշտպանյալին խոշտանգում են, իսկ փաստաբանների «խուզարկությունը»՝ մինչ դատական նիստերի դահլիճ մուտքը նրանց զննությունը, միտում ունի, որ դատավարությունները կայանան առանց փաստաբանների:
Անցած հինգշաբթի օրը դատական նիստի ժամանակ, հիշեցնենք, կարգադրիչներն ու ոստիկանները ուժ գործադրելով դահլիճից հեռացրեցին Հարությունյանին, ով զայրույթից ձեռնափայտով ուժգին հարվածել էր գետնին: Ամբաստանյալը մինչ այդ փորձում էր միջնորդությամբ հանդես գալ, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը արգելեց և սանկցիա կիրառեց նրա նկատմամբ:
Ինչպես օգոստոսի 6-ին «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց Հայարփի Սարգսյանը, այն դեպքում, երբ դատավորը «իրավունք չուներ նման խնդիր, առողջական խնդիր ունեցող անձի հետ էդպես վարվելու, նա պարզապես կարգադրեց, հրահանգեց, որպեսզի նրան հեռացնեն, և նրան բացարձակ չհետաքրքրեց, թե իրեն ինչպես պիտի հեռացնեին դատական նիստերի դահլիճից»: «Նա նույնիսկ ականատես եղավ և չարձագանքեց այդ ամենին: Պարզապես անձեռնմխելիությունից է օգտվում՝ դատավորները, ինչպես գիտենք, անձեռնմխելի են: Այնուամենայնիվ, նրանց անձեռնմխելիությունը, կարծում եմ, ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է քրեորեն պատժելի արարքը», - ասաց փաստաբանը:
Տվյալ դեպքում, նրա համոզմամբ, դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարքագիծը «պարունակում էր հենց հանցանքի տարրեր»․ - «Այսինքն՝ միտումնավոր նա հրահանգեց, որպեսզի խոշտանգեն իմ պաշտպանյալին: Եվ այնտեղ ներկա էր ոչ միայն դատավորը նախագահող, այնտեղ կային նաև Գլխավոր դատախազության ներկայացուցիչներ: Եվ հիմա իմ կողմից Գլխավոր դատախազությանը բողոք ներկայացնելը, կարծում եմ, անմիտ կլինի, քանի որ Գլխավոր դատախազության ներկայացուցիչները, ներկա գտնվելով, որևէ քայլ չձեռնարկեցին, և տվյալ դեպքում, կարծում եմ, միակ լուծումը էլի Հայաստանի Հանրապետությունից դուրս պիտի լինի»:
«Իսկ ի՞նչ հնարավորություններ կան այն անձանց, այն ոստիկանների հարցով, կարգադրիչների, որոնք բռնություն են կիրառել դատարանի նկուղում ամբաստանյալների նկատմամբ: Քրեական գործ է հարուցվել, Դուք կարծո՞ւմ եք, որ այդ գործը առաջ կընթանա, նրանց նկատմամբ մեղադրանք կհարուցվի», - այս հարցին Հայարփի Սարգսյանը արձագանքեց․ - «Ինչպես նշեցի, անպատժելիության մթնոլորտ կա Հայաստանի Հանրապետությունում, և ես չեմ կարծում, որ որևէ մեկը պատժվելու է ի վերջո: Կարծում եմ՝ իրենց ձեռագրի համաձայն այնքան կձգձգեն այդ գործի քննությունը, որպեսզի մարի, էսպես, ոգևորությունը, ի վերջո, և էսպես փակեն էդ գործերը: Ես այդպես եմ կարծում՝ ելնելով այն հանգամանքներից, որ մենք տարիներ շարունակ տեսել ենք»:
Դատարանի նկուղում 10-15 ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու մասին մեկ ամիս առաջ բարձրաձայնել էին «Սասնա ծռեր» խմբի չորս այլ անդամներ: Բռնության մասին հաղորդումների հիմքով Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել, որով դեռևս մեղադրյալներ չկան:
Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:
ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով 14 և 18 մեղադրյալների մասերով երկու առանձին դատավարություն է ընթանում՝ նույն դատավորի նախագահությամբ: Զինված խմբի հիմնական մասը մեղադրվում է գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Երեք ոստիկանների սպանության համար մեղադրվում են խմբի անդամներից երկուսը:
«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի օգոստոսի 6-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․