ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին գովեստով է արտահայտվել Անվտանգության խորհրդում Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու բանաձևը միաձայն ընդունելու մասին:
«Սա վերջին ժամանակաշրջանում որևէ պետության նկատմամբ ընդունված առավել խիստ փաստաթուղթն է»,- ասել է Հելին և հավելել.- «Սակայն սա բավական չէ, մենք չպետք է մեզ հիմարի տեղ դնենք ու մտածենք, որ արդեն լուծել ենք հարցը, մենք նույնիսկ չենք մոտեցել լուծման»:
Հեյլիի փոխանցմամբ, միջուկային զենքով զինված հյուսիսկորեական դիկտատորական ապօրինի ռեժիմից բխող վտանգն օրըստօրե լրջանում է:
Բանաձևի ընդունումը Թվիթերի իր էջում ողջունել է նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
Հյուսիսային Կորեան հուլիսին փորձարկել է երկու միջմայրայրացամաքային հրթիռներ, որոնք, ըստ մասնագետների, կարող են միջուկային մարտագլխիկ հասցնել մինչև Միացյալ Նահանգների տարածք:
Հյուսիսային Կորեայի դաշնակից համարվող Չինաստանը Փհենյային երեկ հորդորել է առանց վերապահումների կատարել բանաձևի պահանջները և «հրթիռների կամ միջուկային զենքի նոր սադրիչ փորձարկումներով այլևս չփորձել բարի կամք դրսևորող միջազգային համայնքի համբերությունը»:
ԱՄՆ-ի հեղինակած պատժամիջոցները արգելում են ցանկացած երկրի ներկրել հյուսիսկորեական ածուխ, երկաթ, կապար և ծովամթերք: Մոտավոր հաշվարկով, այս արտադրանքի արտահանումը մոտ 1 միլիարդ դոլար է կազմում՝ երկրի 3 միլիարդ դոլար կազմող արտահանման մեկ երրորդ մասը:
Նոր բանաձևն արգելում է բոլոր երկրներին ավելացնել հյուսիսկորեացի աշխատողների թիվը, ինչպես նաև արգելում է Հյուսիսային Կորեայի հետ համատեղ նոր ձեռնարկություններ բացել և ներդրումներ անել արդեն իսկ գործող ձեռնարկություններում: