Միացյալ Նահանգների պետքարտուղարությունում «ակտիվորեն քննարկվում է» ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը: Օրերս ԱՄՆ Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ այս մասին հայտարարել է պետքարտուղարի օգնականի տեղակալ, 2011-2014 թթ. Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Փաստաղթղթի ստորագրումը թույլ կտա նկատելիորեն զարգացնել հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունները, քանի որ այն Հայաստանում աշխատող ամերիկյան ընկերություններին և ԱՄՆ-ում աշխատող հայաստանյան կազմակերպություններին զերծ կպահի կրկնակի հարկումից․ դրանք կհարկվեն կա՛մ Միացյալ Նահանգներում, կա՛մ Հայաստանում:
Կալիֆորնիա նահանգը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանի հարցին ի պատասխան, Հեֆերնը, մասնավորապես, նշել է․ «Դուք նշեցիք, որ Հայաստանի հետ հարաբերություններն իրապես ունեն շատ կարևոր ներուժ: Ասացի, թե ինչպես ենք պատրաստվում աշխատել Հայաստանի հետ՝ օգնության տրամադրումից անցում կատարելով դեպի առևտրային կապերի վրա հիմնված հարաբերություններ: Աշխատեցինք ԱՄՆ Ֆինանսների նախարարության հետ՝ Հայաստանի հետ Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիր ունենալու համար: Ներկայումս ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը Հայաստանի հետ ակտիվ երկխոսության մեջ է: Այդ համաձայնագիրը կարգավորում է առևտրի ու ներդրումների հետ կապված բոլոր հարցերը, առկա գործընթացում դա շատ կարևոր քայլ է»:
Նշենք, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2015 թ․ մայիսին նախագահ Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում: «Ինչ վերաբերում է կրկնակի հարկումը բացառող երկկողմ համաձայնագրին, Ֆինանսների նախարարությունը փաստաթղթի կնքման որոշում չի կայացրել, դա կկայացնի մեկ հստակ չափանիշի հիման վրա՝ արդյո՞ք ամերիկյան ընկերությունները ցանկանում են ունենալ նման համաձայնագիր, կամ արդյո՞ք ամերիկյան ընկերությունները կշահեն նման համաձայնագրից: ԽՍՀՄ-ի հետ [1973թ․] կնքված համաձայնագիրը դեռ գործում է, և ընկերությունները դեռ այն օգտագործում են, սակայն մենք ակտիվ քննարկումների մեջ ենք հայ-ամերիկյան երկկողմ ձևաչափում»,- ԱՄՆ Կոնգրեսում նաև ասել է Ջոն Հեֆերնը:
ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման հեռանկարը նույն օրը՝ հուլիսի 25-ին, քննարկվել է նաև ԱՄՆ Սենատի Ֆինանսական հանձնաժողովում: Ամերիկայի հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ, այդ հանձնաժողովում ԱՄՆ Ֆինանսների նախարարի հարկային քաղաքականության գծով օգնականի պաշտոնում Դևիդ Քոթերի հաստատման ժամանակ վերջինս պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի դրական և բացասական կողմերը՝ «համարժեքորեն արձագանքելով ԱՄՆ-Հայաստան տնտեսական հարաբերությունների ցանկացած խոչընդոտի»:
Արձագանքելով ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած քննարկումներին և հնչած հայտարարություններին՝ Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ պաշտոնական Երևանը շահագրգռված է երկու երկրների միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի հնարավորինս արագ ստորագրման մեջ: «Դա եղել և մնալու է որպես կառավարության օրակարգային և կարևորագույն հարց: Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ցանկացած նիստին մենք այս հարցը մշտապես արծարծել ենք, պատրաստվում ենք նաև արծարծել հոկտեմբեր ամսին: Դա բանակցությունների առարկա է»,- ասաց Հայաստանի ֆինանսների նախարարը, հավելելով՝ տնտեսվարողներն իրենց ավելի հարմարավետ են զգում, երբ հարկման առումով խաղի կանոնները հստակ ու հասկանալի են:
Աշխարհի խոշորագույն տնտեսությունն ունեցող երկրի՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանի առևտուրը նախորդ տարիներին անկում է ապրել: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, անցած տարի երկկողմ առևտուրը կազմել է 126,8 միլիոն դոլար: Այդ ցուցանիշով ԱՄՆ-ն Հայաստանի 11-րդ առևտրային գործընկերն է: Դրանից հինգ տարի առաջ՝ 2011 թվականին Հայաստան-ԱՄՆ առևտուրը կազմել է 248,7 միլիոն դոլար, 2006 թ․՝ 171,7 միլիոն դոլար: