Եվրամիությունն ընդարձակել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, ցանկում ընդգրկելով նաև Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Անդրեյ Չերեզովին և նախարարության վարչության ղեկավար Եվգենի Գրաբչակին:
Պատժամիջոցների են ենթարկվում պաշտոնյաներ և ընկերություններ, որոնց միջնորդությամբ Siemens գերմանական ընկերության արտադրած չորս գազային տուրբիններ ապօրինի եղանակով հայտնվել են Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիիմում և պետք է շահագործվեն թերակղզու էլեկտրակայանի հզորությունն ավելացնելու համար:
Եվրոպական խորհուրդը հայտնել է, որ Ուկրաինայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ գործող այդ մարդիկ կզրկվեն Եվրամիություն այցելելու հնարավորությունից և նրանց հնարավոր հաշվեհամարները Եվրամիության տարածքում կսառեցվեն:
Պատժամիջոցների ցանկում է նաև «Տեխնոպրոմէքսպորտ» ընկերության գործադիր տնօրեն Սերգեյ Տոպոր-Գիլկան, ով Siemens-ի հետ բանակցել է չորս տուրբիններ գնելու պայմանագրի շուրջ:
Այդ բանակցույունների ընթացքում ռուսական կողմը գերմանացիներին հավաստիացրել է, որ տուրբինները ձեռք են բերվում բացառապես ռուսական ընկերությունների համար: