Մատչելիության հղումներ

Politico. Կոնգրեսը Թրամփին կարող է պարտադրել հակառուսական նոր քայլեր


Ռուս-ամերիկյան ճգնաժամ, քաղաքական ծաղրանկար
Ռուս-ամերիկյան ճգնաժամ, քաղաքական ծաղրանկար

Երեք տասնամյակ առաջ կնքված պայմանագիրը կարող է վերանայվել:

Միացյալ Նահանգների Կոնգրեսը ծրագրում է նոր քայլեր, որոնք կարող են է՛լ ավելի սահմանափակել Ռուսաստանի նկատմամբ քաղաքականություն վարելու նախագահ Դոնալդ Թրամփի ազատությունը:

Այս անգամ խոսքը ոչ թե նոր պատժամիջոցներ սահմանելու, այլ սպառազինությանը վերաբերող միջազգային պայմանավորվածությունների մասին է:

Կոնգրեսը ցանկանում է Պենտագոնին պարտադրել՝ խախտել կարճ և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը:

Պաշտպանության ոլորտում նոր օրինագծերից մեկը Պենտագոնից պահանջում է ստեղծել և փորձարկել միջին հեռահարության հրթիռներ, որոնք արգելված են դեռ 1987 թվականին ԽՍՀՄ և ԱՄՆ նախագահներ Միխայիլ Գորբաչովի և Ռոնալդ Ռեյգանի ստորագրած պայմանագրով:

Միջազգային քաղաքական թեմաներ վերլուծող Politico պարբերականի փոխանցմամբ՝ այդ նախաձեռնության կողմնակիցները պնդում են, որ անհրաժեշտ է ստեղծել նոր հրթիռներ, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակարգն արդեն խախտել է 30 տարի առաջ կնքված պայմանագիրը:

«Սակայն նախաձեռնության ընդդիմախոսներն ասում են, թե միջին հեռահարության նոր հրթիռների ստեղծումը կավելացնի միջուկային առճակատման վտանգը մի ժամանակաշրջանում, երբ երկու երկրների հարաբերություններում առանց այն էլ գրեթե «սառը պատերազմի» վիճակ է», - գրել է վերլուծության հեղինակ Բրայան Բենդերը:

Սպիտակ տան ֆինանսական վարչությունը քննադատել է Ներկայացուցիչների պալատում շրջանառվող մտահղացումը, պնդելով, թե «այն պարտադրում է հրթիռային որոշակի համակարգ, ինչը կսահմանափակի ռազմական անհրաժեշտ պատասխան ընտրելու վարչակազմի ազատությունը»:

Վարչությունը պնդում է, որ Թրամփի վարչակազմը «միևնույն է արդեն մշակում է դիվանագիտական, ռազմական և տնտեսական ռազմավարություն, որն առավելագույնի կհասցնի ճնշումը Ռուսաստանի վրա»:

Ներկայացուցիչների պալատում մշակվող օրինագծով նախատեսվում է կազմել ցամաքային տեղակայման նոր հրթիռների ծրագիր:

Սենատում նույնպես կքննարկվի նմանօրինակ նախաձեռնություն, որին կտրամադրվի 65 միլիոն դոլար: Բացի այդ, սենատորները մտադիր են Պենտագոնին առաջարկել՝ վերադարձնել 30 տարի առաջ կնքված պայմանագրով մարտական հերթապահությունից դուրս հանված հրթիռները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG