Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» դատավարությունն անցավ լարված մթնոլորտում


Ոստիկանության Պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի 18 անդամների դատավարությունն այսօր սկսվեց արտառոց միջադեպով․ կարգադրիչներն ու ոստիկանները բռնի ուժ գործադրելով դահլիճից հեռացրեցին ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանին, ով զայրույթից ձեռնափայտով ուժգին հարվածեց գետնին։ Հարությունյանը ընդամենը փորձում էր միջնորդությամբ հանդես գալ, սակայն դատավորը արգելեց ու սանկցիա կիրառեց նրա նկատմամբ։

Փաստաբանները հայտարարեցին, որ Հովհաննես Հարությունյանը բռնության է ենթարկվել ու ինքնաբացարկ հայտնեցին դատավորին, ընդգծելով, որ մեկ ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է որ ոստիկանները՝ հրամանատար Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, դատարանում բռնության են ենթարկում «Սասնա ծռերի» անդամներին, մինչդեռ դատարանը անտեսում է այս փաստը։

Փաստաբան Հայարփի Սարգսյանը պահանջեց անհապաղ դահլիճ բերել Հարությունյանին ու արձանագրել, թե նա ինչ վնասվածքներ է ստացել։ Դատավորը, սակայն, ընթերցեց մի գրություն, ըստ որի Հովհաննես Հարությունյանը հայտարարել է, թե իր նկատմամբ բռնություն չի կիրառվել։

Որդու հանդեպ վերաբերմունքը տեսնելուց Լաուրա Հարությունյանը բարկացավ ու սկսեց հարվածել դատարանի ապակիներին, քիչ անց «Շտապօգնության» բրիգադը նրան հիվանդանոց տեղափոխեց։ Ընդմիջումից վերադառնալուց հետո էլ դատավորը ամբաստանյալի մորն այսուհետ արգելեց մասնակցել նիստերին:

Դատավորն այսօր դահլիճից հեռացրեց նաև 18 ամբաստանյալներից վերջինին՝ «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանի որդուն՝ Արամ Մանուկյանին, թեև վերջինս ինքնակամ ցանկանում էր լքել դահլիճը։

Այս սանկցիայից հետո դահլիճում մնացին ընդամենը մի քանի փաստաբան, բայց դատավորը սովորականի պես շարունակեց նիստը, ինչը բարկացրեց ներկա պաշտպաններին։

Ի վերջո դատավորը երեք շաբաթով հետաձգեց նիստը՝ այդպես էլ թույլ չտալով Հովհաննես Հարությունյանի փաստաբանին տեսակցել իր պաշտպանյալին կամ նրա առողջության վերաբերյալ միջնորդություն ներկայացնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG