Մատչելիության հղումներ

Եզդիների ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը կսատարի և՛ իշխող ուժը, և՛ ընդդիմությունը․ Եզդի պատգամավոր


Եզդիների սրբատեղի Արամավիրի մարզի Ակնալիճ գյուղում
Եզդիների սրբատեղի Արամավիրի մարզի Ակնալիճ գյուղում

Օգոստոսի 3-ին ողջ աշխարհի եզդիները հարգանքի տուրք են մատուցում 2014 թվականի օգոստոսի 3-ին Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից գազանաբար սպանված հազարավոր եզդիների հիշատակին:

Հայաստանի Ազգային Ժողովն աշնանը մշակելու է 2014 թվականին Իրաքի Սինջար բնակավայրում եզդիների հետ կատարվածը ցեղասպանություն ճանաչելու մասին օրինագիծ։ Այսօր՝ եզդի բնակչության նկատմամբ երեք տարի առաջ կատարված ոճրագործության տարելիցի օրը, այս մասին հայտարարեց Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանը պատրաստ է Սինջարի դեպքերը ցեղասպանություն որակելուն, սակայն եզդիական համայնքին խորհուրդ է տալիս համբերատար լինել։ «Սա շուտափույթ ընդունվող փաստաթուղթ չէ, սա պարզունակ գործընթաց չէ, որովհետև որքան էլ Հայաստանի Հանրապետությունը ցուցաբերի կամք՝ եզդիների նկատմամբ կատարվածը ցեղասպանություն որակելու համար, Հայաստանի Հանրապետությունն ունի արտաքին քաղաքական հարաբերություններ տարբեր պետությունների հետ: Լինելով այդ համայքնի ներկայացուցիչը, անձամբ ես կողմնակից չեմ վտանգելով Հայաստանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խնդիրները, որևէ փաստաթուղթ ընդունել»,- ասաց եզդի պատգամավորը:

ՀՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Մախմուդյանի համոզմամբ, սպասվող օրինագիծը սատարելու են ինչպես իշխող կուսակցությունը, այնպես էլ ընդդիմադիրները։ 2016-ին, հիշեցնենք՝ ԲՀԿ-ի պատգամավորների և Թևան Պողոսյանի հեղինակած համանման օրինագիծը խորհրդարանը չէր ընդունել։ «Ես չեմ ուզում գնահատական տալ ներկայացված նախագծին, բայց ես, որպես իրավաբան, վստահաբար կարող եմ ասել, որ նախագիծը պիտի խոցելի չլինի, այն պիտի զերծ լինի տարընկալումներից և լինի միջազգային իրավական սկզբունքներին հստակորեն համապատասխանող օրինագիծ»,- այդ առնչությամբ ասաց Ռուստամ Մախմուդյանը:

2015 թվականին ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի սահմանմամբ՝ «Իսլամական պետության» գրոհայինները «ցեղասպանություն են իրականացրել» Իրաքի ազգային-կրոնական փոքրամասնության՝ եզդիների նկատմամբ։ Զեկույցում նշվող վկայությունների մեջ կան կտտանքների, սպանությունների, առևանգումների, կրոնափոխության պարտադրանքի, մանկահասակ երեխաների հավաքագրման և սեռական ստրկության ենթարկելու ապացույցներ։ Ինչպես նշում է ՄԱԿ-ը, գրոհայինների արարքները «բնութագրվում են որպես հնագույն համայնքը բնաջնջելու ցանկություն»։

«2014 թվականից հետո Իրաքի հյուսիսում բնակվող շուրջ 300 հազար եզդիներ դարձել են փախստականներ, ապրում են տարբեր երկրներում»,- ասաց Մախմուդյանը, հավելելով, որ իրենց պատմական բնակավայրերում ներկայումս բնակվող եզդիների թվաքանակի մասին տեղեկություններն իրարամերժ են:

«Եզդիների միջև Շամիրամում տեղի ունեցած արյունալի միջադեպի պատճառն արդարադատության պակասը չէ»

Անդրադառնալով Օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում եզդիների միջև տեղի ունեցած արյունալի միջադեպին, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր չհամաձայնեց իրավապաշտպանների պնդումներին, թե նման դեպքերն իրավապահ մարմնինների նկատմամբ անվստահության և արդարադատության պակասի հետևանքն են։

«Քաջածանոթ չլինելով [միջադեպի] դրդապատճառներին, պարզապես ասեմ՝ երբ ասում են, որ արդարադատությունը կաղում է, և դրա համար են ինքնադատաստանի դիմում, ես նման գնահատականից կխուսափեի: Հայաստանում կա արդարության գաղափարի ընկալման հետ կապված տարմեկնաբանություններ, ցանկացած դեպքում երևույթն ինքնին կարող է լինել արդարադատության շրջանակում, բայց մարդու սուբյեկտիվ ընկալումը լինի այլ՝ որ դա իր հանդեպ անարդարացի է»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Խորհրդարանի «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի կարծիքով, մինչդեռ, Հայաստանում կա սահմանադրականության դեֆիցիտ՝ ոստիկանությունն ու դատախազությունը չեն ընկալվում որպես իրավապահ կառույցներ։ «Դրանք ընկալվում են, որպես ռեժիմին, իշխանությանը պահպանող կառույցներ, իշխանության զինյալներն են, որպեսզի իշխանությանը պաշտպանեն ժողովրդից և իշխանությունն օրինական ճանապարհով փոխանցելուց: Այդ պատճառով մարդիկ դիմում են ինքնապաշտպանության իրավունքին, վեճերը լուծում են այդ եղանակով»,- ասաց պատգամավորը:

Երկու օր առաջ Շամիրամում արձակված կրակոցների հետևանքով 4 մարդ զոհվել, 7-ը վիրավորվել էր։ Ըստ քննչական կոմիտեի, մեկ անձ հետախուզվում է, մեկն էլ ձերբակալվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG